Իրակլի Կոբախիձե. Մենք որոշում ենք կայացրել ամբողջությամբ արգելել մասնավոր կազմակերպությունների կողմից փոխարինող թերապիայի ծրագրերի իրականացումը, և պետությունը կկրի ամբողջ պատասխանատվությունը
Մենք որոշում ենք կայացրել ամբողջությամբ արգելել մասնավոր կազմակերպությունների կողմից փոխարինող թերապիայի ծրագրերի իրականացումը,- այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, հասարակության մեջ կա հիմնավորված ենթադրություն, որ մասնավոր ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունները հաճախ ուղղված են ոչ թե հիվանդին բուժելուն, այլ նրան թմրանյութերով օրինականորեն մատակարարելուն։
«Ինչպես հայտնի է, փոխարինող թերապիայի համար օգտագործվում են այնպիսի դեղամիջոցներ, ինչպիսիք են «մեթադոնը» և «բուպրենորֆինը»։ Հասարակության մեջ կա հիմնավորված ենթադրություն, որ մասնավոր ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունները հաճախ ուղղված են ոչ թե հիվանդին բուժելուն, այլ նրան թմրանյութեր օրինականորեն մատակարարելուն։ Այն պայմաններում, երբ մասնավոր ընկերությունն ունի անմիջական առևտրային շահագրգռվածություն դեղամիջոցի վաճառքը հնարավորինս ընդլայնելու հարցում, այն, բնականաբար, ուժեղ գայթակղություն ունի կենտրոնանալ ոչ թե հիվանդին բուժելու, այլ դեղամիջոցը վաճառելու վրա։ Նման գործելակերպը պետք է լիովին արգելվի։ Հետևաբար, մենք որոշել ենք լիովին արգելել փոխարինող թերապիայի ծրագրերի իրականացումը մասնավոր կազմակերպությունների կողմից», – ասել է վարչապետը։
Իրակլի Կոբախիձեի խոսքով, շատ կարևոր է, որ պետությունը լիարժեք պատասխանատվություն կրի փոխարինող բուժման իրականացման համար, որը պատկանում է բարձր ռիսկային բժշկական գործունեության կատեգորիային։
Ինչպես նշել է Կոբախիձեն, պետությունը իր ինստիտուտների միջոցով ապահովում է բուժման գործընթացում միասնական չափանիշի հաստատումը։
«Պետական փոխարինող թերապիայի ծրագրերի իրականացման նկատմամբ վերահսկողությունը կխստացվի։ Խստորեն կապահովվի, որ յուրաքանչյուր ծառայություն ծառայի հիվանդի հնարավորինս արագ վերականգնմանը և չօգտագործվի այսպես կոչված օրինական թմրամոլությունը խրախուսելու համար։ Բացի այդ, այսօր ես խնդրեցի Վրաստանի առողջապահության նախարարին հնարավորինս շուտ ապահովել փոխարինող թերապիայի համար նախատեսված ենթակառուցվածքների հեռացումը խիտ բնակեցված տարածքներից։ Այսօր այս ենթակառուցվածքների զգալի մասը գտնվում է հենց խիտ բնակեցված տարածքներում, ինչը տեղի բնակչության համար հիմնարար խնդիր է։ Դա դժգոհություն է առաջացնում», – ասել է Իրակլի Կոբախիձեն։