Իրակլի Ղարիբաշվիլին հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների Թագավորության վարչապետի հետ
Հեռախոսազրույց է տեղի ունեցել Վրաստանի և Նիդերլանդների Թագավորության վարչապետների միջև։ Կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Իրակլի Ղարիբաշվիլին և Մարկ Ռյուտեն քննարկել են Ուկրաինայի ընթացիկ իրադարձությունները, Վրաստանի եվրաինտեգրումը և երկկողմ հարաբերությունները։
Նրանց խոսքով, հատուկ ուշադրություն է դարձվել ասոցացված եռյակի՝ Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի կողմից Եվրամիությանը միանալու դիմումներին և Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի իրականացման գործում Վրաստանի արձանագրած առաջընթացին։
«Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ Եվրահանձնաժողովի դրական որոշումը ներկայացված հայտերի վերաբերյալ լրացուցիչ խթան կհանդիսանա բարեփոխումների հաջող շարունակման համար և կլինի Եվրամիության հետ հարաբերությունների նոր փուլի սկիզբ։ Վարչապետը հույս է հայտնել, որ Վրաստանն այս գործընթացում կունենա Նիդերլանդների Թագավորության աջակցությունը։
Զրույցի հիմնական թեման Ուկրաինայում ընթացող պատերազմն ու դրա հետևանքով տարածաշրջանում ստեղծված անվտանգության ծանր միջավայրին էր։ Իրակլի Ղարիբաշվիլին վերահաստատել է Վրաստանի համերաշխությունն ու քաղաքական աջակցությունն Ուկրաինային, այդ թվում՝ տարբեր ձևաչափերով, և ընդգծել է միջազգային հանրության համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը՝ իրավիճակը դեէսկալացնելու և պատերազմը որքան հնարավոր է շուտ դադարեցնելու համար։
Վարչապետները քննարկել են նաև Վրաստանի առջև ծառացած անվտանգության մարտահրավերները, այդ թվում՝ օկուպացված տարածքներում տիրող իրավիճակը։ Մարկ Ռյուտեն վերահաստատել է Նիդերլանդների Թագավորության անսասան աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը», – ասվում է հայտարարության մեջ։