Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ։
Իրակլի Ղարիբաշվիլին ողջունել է Արայիկ Հարությունյանի աշխատանքային այցը Վրաստան և բարձր գնահատել Վրաստան-Հայաստան քաղաքական երկխոսության մակարդակը։
Հանդիպմանը ընդգծվել է երկրների միջև առկա հարաբերությունների դինամիկ զարգացման ընթացքը, ինչը լավ հիմք է հետագա համագործակցության ընդլայնման համար։ Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի վարչապետին ջերմ ընդունելության համար և ջերմ ողջույններ փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից։
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Վրաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության խորացմամբ և երկկողմ օրակարգի առաջմղմամբ։
Կողմերը քննարկել են Վրաստան-Հայաստան համագործակցության օրակարգային հարցեր։ Անդրադարձել են նաև տարածաշրջանում առկա իրավիճակին։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի վարչապետի մամուլի գրասենյակը։