Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Չինաստանի նոր դեսպան Չոու Ցիենի հետ
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Չինաստանի նոր դեսպան Չոու Ցիենի հետ

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում Չինաստանի նոր արտակարգ և լիազոր դեսպան Չոու Ցիենի հետ։ Տեղեկությունը տարածում է կառավարության աշխատակազմի լրատվական ծառայությունը։

Նրանց հաղորդմամբ՝ կառավարության ղեկավարը հաջողություն է մաղթել նորանշանակ դեսպանին և հույս հայտնել, որ Վրաստանի և Չինաստանի միջև արդյունավետ համագործակցությունը կշարունակվի ապագայում։ Նշվել է, որ Չինաստանը Վրաստանի առեւտրային գործընկերների հնգյակում է, իսկ այս տարվա հունվար-հունիսին Վրաստանի եւ Չինաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմում է 922 մլն ԱՄՆ դոլար։ Զրույցում անդրադարձ է կատարվել նաև չինական ներդրումներին և ասվել է, որ Չինաստանից ուղղակի օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալը գերազանցում է 695 մլն ԱՄՆ դոլարը, ինչը վրացական կողմը ողջունում է։ Հանդիպման ընթացքում ուշադրություն է դարձվել զբոսաշրջության ոլորտին։ Ընդգծվել է այն փաստը, որ Վրաստանի և Չինաստանի միջև ուղիղ չվերթները նպաստում են զբոսաշրջիկների դինամիկ աճին։ Բացի այդ, հույս է հայտնվել, որ շուտով կկայանա Վրաստանի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, որը ամենամյա է։

Նաև ուշադրություն է դարձվել կրթական և գիտական ​​ոլորտներում երկկողմ կապերի ամրապնդմանը։ Ընդգծվել է այն փաստը, որ այս տարի լրանում է Վրաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակը։