Ինքնակառավարման ընտրությունների համար ծրագրվում է գնել քվեարկության սարքավորումներ և մատնահետքերով ընտրողների գրանցման համար տեխնիկա, որը կբացառի բոլոր տեսակի շահարկումները և մարդկային սխալները. Իրակլի Կոբախիձե
«Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գործադիր քարտուղար, Իրակլի Կոբախիձեն, այսօր կայացած ճեպազրույցում խոսել է նախատեսված ընտրական բարեփոխումների մասին:
Ըստ նրա, ընտրական բարեփոխումների հիմնական ասպեկտները համաձայնեցվել են ընդդիմադիր կուսակցությունների հետ բանակցությունների ընթացքում:
Կոբախիձեի խոսքով, բարեփոխման որոշակի հարցերի իրագործումը պահանջում է աշխատանքների անհապաղ մեկնարկ:
«Դա առաջին հերթին վերաբերում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար էլեկտրոնային տեխնոլոգիաների ներդրմանը: Նախատեսվում է ձեռք բերել քվեարկության սարքավորումներ և ընտրողների գրանցման համար սարքավորումներ, որոնք կբացառեն ցանկացած շահարկում և մարդկային սխալ ընտրությունների արդյունքների հաշվարկման ժամանակ և մեկընդմիշտ կվերացնեն Վրաստանում անհավասարակշիռ արձանագրությունների 30-ամյա խնդիրը:
Չենք կարող սպասել, որ ընդդիմությունը ավարտի իր տանջանքը և խորհրդարանական մեծամասնության անունից խնդրում ենք կենտրոնական ընտրական հանձնաժողովին, անհապաղ սկսել աշխատանքները հոկտեմբերյան ավագանու ընտրությունների համար, անհրաժեշտ տեխնիկական սարքավորումների տրամադրման ուղղությամբ, որի համար Վրաստանի խորհրդարանը կմշակի համապատասխան իրավական դաշտ:
Ակնհայտ է, որ այսօր Վրաստանում հիմնական ընդդիմադիր քաղաքական ուժերը ռեսուրսներ չունեն դրական ներդրում ունենալ ժողովրդավարական գործընթացներում: Նրանց դա թույլ չի տալիս կոշտ քաղաքական անցյալը և բնորոշ ապակառուցողական բնույթը:
Այնուամենայնիվ, քանի որ այսօր նրանք ընդդիմություն են ներկայացնում, մենք պարտավոր ենք մեկ անգամ ևս կոչ անել նրանց ՝ զբաղվել խորհրդարանական աշխատանքով, ստուգել ընտրությունների արդյունքները և իրականացնել ընտրական բարեփոխումներ: Հուսանք, որ նրանք այս անգամ չեն վախենա և չեն խուսափի ընտրությունների արդյունքների ստուգումից», – հայտարարել է Կոբախիձեն: