Իլիա Դարչիաշվիլի.Մենք շահագրգռված ենք մեր ռազմավարական գործընկերների հետ դինամիկ հարաբերություններով
«Մենք մեր պատասխանատվության շրջանակներում անում ենք ամեն ինչ, որպեսզի Վրաստանը առաջընթաց գրանցի եվրաինտեգրման ուղղությամբ»,- վրացի լրագրողներին ասել է ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլին Բեռլինում, որտեղ մասնակցում է Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովին :
ԱԳՆ ղեկավարի խոսքով, այն, որ Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է մնացած բոլոր օրենսդրական փաթեթները, Վրաստանի կառավարության պատասխանատվության և վերաբերմունքի արտահայտությունն է։
«Վրաստանը հաստատակամորեն և վճռականորեն կանգնած է եվրաինտեգրման ճանապարհին»,- հավելել է արտգործնախարարը։
Դարչիաշվիլին խոսել է նաև Վրաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև առկա հարաբերությունների մասին։
Լրատվամիջոցներին տված իր մեկնաբանություններում նա ընդգծել է, որ Վրաստանի կառավարության ռազմավարական շահն է վրաց-ամերիկյան երկկողմ հարաբերությունները վերադարձնել նախկին մակարդակին։
«Մենք հուսով ենք, որ այս երկկողմ հարաբերությունները կարճ ժամանակում կկարգավորվեն, և մենք կշարունակենք զարգացնել մեր երկկողմ բարեկամական հարաբերությունները»,- լրագրողներին ասել է Իլիա Դարչիաշվիլին։