Իլիա Երկրորդը շնորհավորում է Դոնալդ Թրամփին նախագահ ընտրվելու կապակցությամբ. Հատկապես կարևոր է ավանդական արժեքները պահպանելու և խաղաղության համար ջանք չխնայելու ձեր ձգտումը
Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
Ինչպես նշում է Պատրիարքն իր շնորհավորական նամակում, հատկապես կարևոր է Թրամփի՝ ավանդական արժեքները պահպանելու և երկրի վրա խաղաղության համար ջանք չխնայելու ձգտումը։
«Պարոն նախագահ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Ամերիկայի Միացյալ Նահանգների 47-րդ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
Մարդիկ ձեզնից մեծ ակնկալիքներ ունեն ոչ միայն Ամերիկայում, այլ ամբողջ աշխարհում։ Թեև ձեր երդմնակալության խոսքում հիմնական շեշտը դրեցիք ձեր երկրի հզորացման վրա, բոլորը հույս ունեն, որ դրված նպատակների հաջող իրականացումը ընդհանուր առմամբ դրական փոփոխություններ կբերի և կհաղթահարի մի շարք լուրջ մարտահրավերներ։
Հատկապես կարևոր է քրիստոնեական գիտակցության վրա հիմնված մարդկության ավանդական արժեքները պաշտպանելու և երկրի վրա խաղաղության համար ջանք չխնայելու ձեր ձգտումը։
Ամբողջ իշխանությունը գալիս է Տիրոջից, բայց երջանիկ է այն ազգը և այն տիրակալը, ով կապում է իր ծառայությունը Աստծուն: «Երանի այն մարդուն, ով ապավինում է Տիրոջը» (Սաղմ. 39.5):
Աստված պահապան ձեզ, ձեր ընտանիքին և ձեր վարչությանը: Աստված օրհնի Ամերիկան և ողջ աշխարհը։
Խորին հարգանքով Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք, Մցխեթա-Թբիլիսիի արքեպիսկոպոս, Բիճվինթայի և Ցխում-Աբխազիայի միտրոպոլիտ՝ Իլիա Երկրորդ»,- ասված է պատրիարքի շնորհավորական նամակում։