Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Deep State»-ի ներկայացուցիչները Դոնալդ Թրամփից խլեցին հաղթանակը 2020 թվականի ընտրություններում կեղծիքների հետևանքով
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Deep State»-ի ներկայացուցիչները Դոնալդ Թրամփից խլեցին հաղթանակը 2020 թվականի ընտրությունների կեղծիքների արդյունքում։ Այս մասին Ալիևը ասել է «Ալ-Արաբիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Ալիևի խոսքերով՝ Դոնալդ Թրամփը նախագահի պաշտոնում գտնվելու մի քանի ամսվա ընթացքում «հրաշքներ գործեց Աֆրիկայում, Ասիայում և Հարավային Կովկասում»։
Նա հաստատել է, որ Հայաստանի առաջնորդի հետ միասին Թրամփը ներկայացվել էր խաղաղության ոլորտում Նոբելյան մրցանակի։
«Նա մի մարդ է, որը իսկապես արժանի է մեծ վստահության։ Սա մեր առաջին հանդիպումն էր, բայց իմ վերաբերմունքը նրա հանդեպ որպես քաղաքական գործչի միշտ դրական է եղել։ Նույնիսկ նրա առաջին ժամկետի ընթացքում, երբ հանդիպելու հնարավորություն չունեինք։ Հատկապես այն ժամանակ, երբ նրան «Deep State»-ի ներկայացուցիչները զրկեցին վերընտրվելու հնարավորությունից՝ ընտրությունների կեղծիքների արդյունքում։ Նրանք խլեցին նրա հաղթանակը։ Իսկ այն, ինչ ասում է պարոն Թրամփը փոստային քվեարկության վերացման մասին, բացարձակապես ճիշտ է։ Գիտեք, ամերիկյան վարչակազմերը միշտ սիրում են ողջ աշխարհին սովորեցնել՝ ինչպես ապրել, ինչպես կառուցել ժողովրդավարություն, ինչպես անցկացնել ընտրություններ և այլն։ Սա բոլորս լավ գիտենք։ Բայց հենց իրենք իրականացրին ամենամեծ ընտրակեղծիքը՝ նախագահ Թրամփի դեմ, երբ նրանից խլեցին հաղթանակը։ Նույն ժամանակաշրջանում, երբ պարոն Թրամփը այլևս նախագահ չէր, նա իրեն դրսևորեց շատ արժանապատվորեն։ Նա մեծ քաջություն և արժանապատվություն դրսևորեց՝ վերադառնալով Ամերիկա, որտեղ նրա դեմ էին բոլոր «ճահճի գորտերը», ինչպիսիք են USAID-ը, «Ազատություն ռադիոն», կեղծ լուրերի արտադրողները, այդ թվում՝ «Washington Post»-ը, «New York Times»-ը, «Wall Street Journal»-ը, «Newsweek»-ը։ Բոլորը նրան դևայնացնում էին, ինչպես նաև ինձ․ գուցե ոչ նույն մակարդակով, բայց նույն կերպ՝ բամբասանքների տարածման միջոցով», – հայտարարել է Ալիևը։
Ադրբեջանի առաջնորդի խոսքերով՝ Դոնալդ Թրամփը մեծ դիմադրության է բախվում, քանի որ ամբողջ համակարգը նրա դեմ է։ «Նախագահ Թրամփը քաջ մարդ է և մեծ առաջնորդ։ Իրականում ես հպարտ եմ, որ նա ինձ ընկալում է որպես ընկեր», – ասել է Ալիևը։