Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում հանդիպել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ։
Ալիևը Ջորջիա Մելոնիի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ադրբեջանը և Իտալիան ռազմավարական գործընկերներ են։
«Ձեր այսօրվա այցը Ադրբեջան ևս մեկ անգամ ընդգծում է մեր երկրների միջև հարաբերությունների խորը բովանդակությունը։ Բոլորը գիտեն, որ դուք այսօր Հայաստանում էիք։ Ձեր ծրագրի ավարտը Հայաստանում և ձեր ժամանումը Ադրբեջան մեզ համար ունի հատուկ, խիստ խորհրդանշական նշանակություն։ Միևնույն ժամանակ, դա Ադրբեջանի նկատմամբ հարգանքի և բարի կամքի հստակ դրսևորում է։ Ինչպես գիտեք, մեր քաղաքական հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա։ Իտալիան Ադրբեջանի թիվ մեկ առևտրային գործընկերն է։ Անցյալ տարի մեր առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 12 միլիարդ դոլար։ Բնականաբար, մեր հարաբերությունների հիմնական ուղղություններից մեկը էներգետիկ ոլորտում գործընկերությունն է։ Այստեղ նույնպես, որպես հուսալի գործընկերներ, մենք տարիներ շարունակ աջակցել ենք միմյանց», – ասել է Ալիևը։
Իր հերթին, Ջորջիա Մելոնին պատրաստակամություն է հայտնել զարգացնել Իտալիայի և Ադրբեջանի միջև համագործակցությունը։
Մելոնիի խոսքով՝ սա Իտալիայի վարչապետի առաջին այցն է Ադրբեջան 2013 թվականից ի վեր։
«Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի սկսվելուց ի վեր, գազի և նավթի արտահանումը Իտալիա կարևոր դեր է խաղացել այն երկրի էներգետիկ անվտանգության գործում, որը ես ներկայացնում եմ և ներկայացնում եմ մեծ հպարտությամբ։ Մենք խոսեցինք այս կապերի ամրապնդման մասին։ Մեր բարեկամությունը խոր արմատներ ունի մեր հարաբերություններում, մեր հասարակությունների և մեր մշակութային կապերում։ Վստահ եմ, որ Իտալիայի և Ադրբեջանի միջև բարեկամական հարաբերությունները կզարգանան և կհասնեն ավելի բարձր մակարդակի», – ասաց Մելոնին։