Իլհամ Ալիև. Եթե որևէ Հայաստանի կառավարություն կասկածի տակ դնի Վաշինգտոնում ստորագրված փաստաթուղթը, ապա Հայաստանը լուրջ հետևանքների կբախվի
Իլհամ Ալիև. Եթե որևէ Հայաստանի կառավարություն կասկածի տակ դնի Վաշինգտոնում ստորագրված փաստաթուղթը, ապա Հայաստանը լուրջ հետևանքների կբախվի

Ադրբեջանի և Հայաստանի միջև Սպիտակ տանը օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթուղթը նշանակում է հակամարտության ավարտ և բացում է ամբողջովին նոր հնարավորություններ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ալ-Արաբիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Ալիևի խոսքով՝ Սպիտակ տանը ստորագրված փաստաթուղթը հիմնված է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ադրբեջանական տեսլականի վրա։

Նրա հայտարարությամբ՝ հենց որ Հայաստանը իրականացնի սահմանադրական փոփոխություններ և Սահմանադրության մեջ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, կստորագրվի երկու երկրների միջև պաշտոնական խաղաղության համաձայնագիր։

«Իր էությամբ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում պարաֆավորված փաստաթուղթը հիմնված է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման ադրբեջանական տարբերակի վրա։ Ինչպես ասացի, բանակցությունները տևեցին մի քանի տարի և Վաշինգտոնում ավարտվեցին նախագահ Թրամփի և նրա թիմի ակտիվ աջակցությամբ։ Հավատում եմ, որ սա իսկապես կոնֆլիկտի ավարտն է, պատերազմի ավարտը։ Պաշտոնական խաղաղության համաձայնագիրը չստորագրվեց մեկ կոնկրետ պատճառի համար․ Հայաստանի Սահմանադրությունը դեռևս պարունակում է դրույթ, որը կասկածի տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մեզ հասկանալի է, որ նրանք փոփոխություններ կկատարեն։ Եվ հենց որ այս սահմանադրական փոփոխությունը կատարվի, երբ Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները չեղարկվեն, կստորագրվի պաշտոնական խաղաղության պայմանագիր։ Բայց Սպիտակ տանը նախագահ Թրամփի ներկայությամբ փաստաթղթի պարաֆավորումը արդեն նշանակում է պատերազմի ավարտ, որը ավելի քան 30 տարի շարունակվում էր ընդհատումներով։ Սա բացում է ամբողջովին նոր հնարավորություններ Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի ավելի լայն տարածաշրջանի համար», – ասել է Ալիևը։

Միաժամանակ Ալիևը նշել է, որ ապագայում եթե Հայաստանի որևէ կառավարություն կասկածի տակ դնի Վաշինգտոնում ստորագրված փաստաթուղթը, դա լուրջ հետևանքներ կունենա Հայաստանի համար։

Ինտերվյուում Ալիևը նաև նշել է, որ հաջորդ ամառ Հայաստանում նախատեսված են խորհրդարանական ընտրություններ։ Նա չի բացառել, որ ուժեղ արտաքին միջամտության դեպքում կարող են խաթարվել արդեն ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչը, նրա խոսքով, շատ կհանի Հայաստանի վնասը։

«Հայաստանի ցանկացած ապագա կառավարություն, անկախ նրանից, թե երբ կգա իշխանության, եթե կասկածի տակ դնի Վաշինգտոնում ստորագրվածը, ապա Հայաստանը լուրջ հետևանքների առաջ կկանգնի, քանի որ տարածաշրջանում ուժերի բալանսը բոլոր առումներով բացարձակապես մեր օգտին է։ Կարծում եմ՝ դա բոլորի համար ակնհայտ է, և եթե Հայաստանը կրկին կասկածի տակ դնի մեր տարածքային ամբողջականությունը, մենք համապատասխան պատասխան կտանք։ Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթի կարևորությունն այն է, որ երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և պլանավորում են ապագա հարաբերությունները միջազգային իրավունքի այս հիմնարար սկզբունքի հիման վրա։ Ուստի, եթե Հայաստանը դադարեցնի մեր տարածքային ամբողջականության ճանաչումը, մենք էլ նույնը կանենք նրանց տարածքային ամբողջականության նկատմամբ։ Իսկ այս դեպքում ով կհաղթի և ով կպարտվի՞։ Կարծում եմ՝ սա ռետորիկ հարց է», – ասել է Ալիևը։