Իլհամ Ալիև. Ռուսական ուժերի կողմից ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռի խոցումը և ռուս պաշտոնյաների արձագանքը միջադեպին մեծ հիասթափություն և դժգոհություն են առաջացրել Ադրբեջանում
Իլհամ Ալիև. Ռուսական ուժերի կողմից ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռի խոցումը և ռուս պաշտոնյաների արձագանքը միջադեպին մեծ հիասթափություն և դժգոհություն են առաջացրել Ադրբեջանում

Ռուսական ուժերի կողմից Ադրբեջանի քաղաքացիական ինքնաթիռի վնասման և միջադեպի շուրջ ռուս պաշտոնատար անձանց արձագանքի հետևանքով Ադրբեջանում առաջացավ մեծ հիասթափություն և դժգոհություն, – այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է «Ալ-Արաբիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Ալիևի խոսքով՝ Ադրբեջանը երբեք չի հանդուրժի իր նկատմամբ ագրեսիայի կամ անհարգալից վերաբերմունքի որևէ նշան կամ դրսևորում։

«Սա, իհարկե, մեր երկկողմ հարաբերություններում շատ լուրջ իրավիճակ է։ Սակայն մենք չենք ցանկանում այդ հարաբերությունների վատթարացում։ Այո, մեր ժողովուրդը հիասթափված էր, զայրացած ու վրդովված։ Մենք սպասում էինք, որ վաղ թե ուշ հետաքննությունը կավարտվի, բայց հետո Ռուսաստանում սկսվեցին այս անհիմն հարձակումները ադրբեջանցիների դեմ։ Երկու մարդ ենթարկվեց խոշտանգումների և սպանվեց, իսկ ավելի ուշ տարածված պաշտոնական տեղեկությունում նշվեց, թե իբր նրանք մահացել են սրտի կաթվածից։ Նույնիսկ եթե նրանք 20 տարի առաջ հանցագործություն էին կատարել, ինչպես ասում են, նրանք մարդիկ են։ Այսպիսի վերաբերմունք չի կարելի դրսևորել։ Սա ի՞նչ վերաբերմունք է։ Նրանց թվում կային Ադրբեջանի քաղաքացիներ և ադրբեջանական ծագմամբ Ռուսաստանի քաղաքացիներ։ Սա աննախադեպ գործողություն էր մեր ժողովրդի դեմ։ Մենք պատասխանատվություն չենք կրում հարաբերությունների վատթարացման համար։ Մենք արձագանքում ենք կառուցողական և իրավական հարթությունում, բայց մենք երբեք չենք հանդուրժի մեր նկատմամբ ագրեսիայի կամ անհարգալից վերաբերմունքի որևէ նշան կամ դրսևորում», – ասել է Ալիևը։