Իլհամ Ալիև. Պաշտոնական Բաքուն Երևանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում մեծ հույսեր է կապում ԵՄ հետ
Պաշտոնական Բաքուն Երեւանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում մեծ հույսեր է կապում Բրյուսելի հետ,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպման ժամանակ Ալիեւը նշել է, որ Բաքուն մեծ հույսեր է կապում ԵՄ-ի ջանքերի հետ։
Ադրբեջանի նախագահը նշել է, որ ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած վերջին եռակողմ հանդիպումը համարում է բանակցային գործընթացի զարգացման «ելակետ»։
Ալիեւի խոսքով, բրյուսելյան հանդիպման արդյունքում Բաքվի եւ Երեւանի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանային հարցերով աշխատանքային խմբեր ստեղծելու եւ խաղաղության համաձայնագրի շուրջ։
«Ընդհանուր առմամբ Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքները դրական եմ համարում։ Այդ մասին հանրությանը տեղեկացրել եմ ապրիլի 12-ին։ Հաջորդ օրը Հայաստանի վարչապետը նույնպես բացեիբաց խոսեց կարգավորման գործընթացի և Հայաստանի կողմից Ադրբեջանի սահմանած հինգ սկզբունքների ընդունման մասին։ Սա իսկապես ևս մեկ շրջադարձային կետ է գործընթացում»,- ասել է Ալիեւը։