Իլհամ Ալիև. Մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի ցանկացած պահի, քանի որ աշխարհում գործընթացների ընթացքն այնպիսին է, որ անհնար է կանխատեսել, թե վաղը ինչ կլինի
Իլհամ Ալիև. Մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի ցանկացած պահի, քանի որ աշխարհում գործընթացների ընթացքն այնպիսին է, որ անհնար է կանխատեսել, թե վաղը ինչ կլինի

«Մենք ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք պատերազմին, որովհետև աշխարհում գործընթացների ընթացքն այնպիսին է, որ անհնար է կանխատեսել՝ ինչ կլինի վաղը», – այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Քալբաջար քաղաքում բնակչության հետ հանդիպման ժամանակ։

Ալիևը խոսել է Ադրբեջանի պաշտպանունակության ամրապնդման կարևորության մասին։

«Մենք պատերազմ չենք ուզում։ Մենք խաղաղություն ենք ուզում։ Սակայն այս արյունալի պատմությունը երբեք չպետք է ջնջվի մեր հիշողությունից։ Մենք չպետք է առաջնորդվենք քաղցր խոսքերով, այլ պետք է լինենք զգոն։ Իհարկե, մեր զինված ուժերը ամեն րոպե, ամեն օր կանգնած են մեր պետության շահերի և անվտանգության պահակախմբում։ Մենք հետևում ենք, տեսնում և կտեսնենք հնարավոր սպառնալիքների աղբյուրները։ Մենք ուժեղացնում ենք մեր բանակը։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո մեր ուժերի զարգացման հետ կապված՝ մենք բազմապատկել ենք մեր հատուկջոկատայինների թիվը հազարավոր մարտիկներով։ Չեմ ուզում նշել ճշգրիտ թիվը, բայց շատ ավելին։ Մեր երկիրը ստանում է ամենաժամանակակից անօդաչու թռչող սարքեր, նոր հրետանային համակարգեր։ Ստորագրվել են պայմանագրեր նոր ռազմական ինքնաթիռների գնման համար, իսկ առկա ինքնաթիռները ամբողջությամբ արդիականացվել են։

Մենք ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք պատերազմին, որովհետև աշխարհում գործընթացների ընթացքն այնպիսին է, որ անհնար է կանխատեսել՝ ինչ կլինի վաղը։ Մեր անվտանգության երաշխիքը մենք ենք՝ մեր պետությունը, ժողովուրդը և մեր զինված ուժերը։ Հետևաբար, եթե որևէ մեկի հիվանդ գլխում ծագի միտք՝ Ադրբեջանի դեմ որևէ տեսակի սադրանք կազմակերպելու, կարծում եմ՝ նա կրկին կզղջա դրա համար։ Իսկ մենք այսուհետ ապրելու ենք որպես հաղթող ժողովուրդ և հաղթող պետություն», – հայտարարել է Ալիևը։