Իլհամ Ալիև. Մենք ցնցված ենք Վրաստանում թուրքական ռազմական տրանսպորտային ինքնաթիռի կործանումից, որի հետևանքով զոհվել են զինծառայողներ
Իլհամ Ալիև. Մենք ցնցված ենք Վրաստանում թուրքական ռազմական տրանսպորտային ինքնաթիռի կործանումից, որի հետևանքով զոհվել են զինծառայողներ

Թուրքիայի ռազմական տրանսպորտային ինքնաթիռի կործանման կապակցությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խորին ցավակցություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Ալիևի ուղերձում նշվում է, որ նա ցավակցում է զոհված զինծառայողների ընտանիքներին, հարազատներին և ամբողջ թուրք ժողովրդին։

«Խորապես վշտացած ենք այն լուրով, որ Գյանջայից թռչող Թուրքիայի ռազմաօդային ուժերի տրանսպորտային ինքնաթիռը կործանվել է Վրաստանում, ինչի հետևանքով զոհվել են զինծառայողներ։ Այս ծանր պահին իմ անունից և ադրբեջանցի ժողովրդի անունից խորին ցավակցություն եմ հայտնում ձեզ, զոհվածների հարազատներին և եղբայրական թուրք ժողովրդին», – ասված է Ալիևի հայտարարությունում։

Հիշեցնենք, որ Վրաստանի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Սիղնաղիի մունիցիպալիտետում՝ Վրաստանի պետական սահմանից մոտ 5 կմ հեռավորության վրա, կործանվել է թուրքական C-130 տիպի ռազմական տրանսպորտային ինքնաթիռ, որը նախնական տվյալներով թռչում էր Ադրբեջանից դեպի Թուրքիա։
«Սակաերոնավիգացիայի» տվյալներով՝ միջադեպի մասին տեղեկացվել են Գյանջայի օդանավակայանը և թուրքական կողմը։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունն էլ պաշտոնապես հաստատել է ինքնաթիռի կործանման փաստը։