Իլհամ Ալիև. Հունգարիան այն քիչ երկրների թվում է, որոնք վարում են անկախ քաղաքականություն, հատկապես՝ Եվրամիության շրջանակներում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքով՝ Հունգարիան այն քիչ երկրների շարքում է, որոնք վարում են անկախ քաղաքականություն, հատկապես՝ Եվրամիության շրջանակներում։
Այս հայտարարությունը Ալիևը արել է Բուդապեշտ այցի ընթացքում, որտեղ հանդիպել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։ Ադրբեջանի ղեկավարի խոսքով՝ Եվրամիության ներսում անկախ քաղաքականություն վարելը բարդ է։
«Քանի որ գոյություն ունեն բազմաթիվ կանոններ և հաստատված սկզբունքներ, որոնցից մեկը, բնականաբար, Եվրամիության միասնական արտաքին քաղաքականությունն է։ Սակայն, իմ ընկերը՝ Վիկտոր Օրբանը, միշտ նախապատվությունը տվել է Հունգարիայի պետական և ազգային շահերին։ Մենք դա ողջունում ենք», – հայտարարել է Ալիևը։
Իլհամ Ալիևը, Վիկտոր Օրբանի հետ անցկացրած մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադարձել է նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին։
«Երկրորդ Ղարաբաղյան պատերազմից հետո մենք եղել ենք խաղաղ բանակցությունների նախաձեռնողները, ինչպես նաև խաղաղության պայմանագրի տեքստի հեղինակները, և հենց այդ տեքստն է այսօր ընդունվել Հայաստանի կողմից։ Իհարկե, որոշակի փոփոխություններով, բայց հիմնականում մեր կողմից ներկայացված դրույթները ընդունվել են Հայաստանի կողմից», – ասել է Ալիևը։