Հունգարիայի իշխող կուսակցությունը պատրաստ է աջակցել Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն
Հունգարիայի իշխող կուսակցությունը պատրաստ է աջակցել Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն

Հունգարիայի իշխող կուսակցությունը պատրաստ է աջակցել Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն։ Այս մասին ասված է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի «Fidesz» կուսակցության հայտարարության մեջ։

Ինչպես նշվում է խմբակցության ղեկավար Մատե Կոչիսի հայտարարության մեջ, խորհրդարանում Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության հայտը վավերացնելու քվեարկությունը կանցկացվի մարտի 27-ին, իսկ «Fidesz» խմբակցությունը միաձայն կաջակցի Ֆինլանդիայի անդամակցությանը։

Ինչ վերաբերում է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն, կուսակցությունում նշում են, որ այդ հարցով որոշում կկայացվի ավելի ուշ։

Մինչ այդ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ սատարում է Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն։ Էրդողանը դիմել է Թուրքիայի խորհրդարան՝ վավերացնելու Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Թուրքիայի նախագահը հույս ունի, որ վավերացման գործընթացը կավարտվի մինչև մայիսի 14-ին նշանակված համընդհանուր ընտրությունները։

Հունգարիան և Թուրքիան ՆԱՏՕ-ի վերջին անդամներն են, որոնք չեն վավերացրել Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ դաշինքին միանալու դիմումը։

Հիշեցնենք՝ երկու օր առաջ Անկարայում կայացել է Թուրքիայի և Հունգարիայի ղեկավարների հանդիպումը։