Հունգարիայի ընդդիմադիր պատգամավոր Կատալին Չեկը կոչ է անում ԱՄՆ-ում դեմոկրատներին կազմակերպել գործողություններ Դոնալդ Թրամփի դեմ
Հունգարացի ընդդիմադիր պատգամավոր Կատալին Չեհը ԱՄՆ-ում կոչ է անում Դեմոկրատական կուսակցությանը կազմակերպել գործողություններ երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ։ Այս մասին հաղորդում է «Գարդիանը»։
Լրատվամիջոցի տվյալներով՝ Կատալին Չեհը կոչ է արել ԱՄՆ-ում Դեմոկրատական կուսակցության անդամներին և աջակիցներին լուրջ վերաբերվել 2026 թվականի միջանկյալ ընտրություններին և խոչընդոտել Թրամփի ավտորիտար կառավարման ընդլայնմանը։
Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ դեմոկրատները պետք է հաշվի առնեն Հունգարիայի օրինակը և թույլ չտան, որ Թրամփը, ինչպես Հունգարիայի վարչապետը, ամրապնդի ավտորիտար իշխանությունը։
«Հունգարիայում ժողովրդավարության հետընթացն այնքան արագ տեղի ունեցավ, որ ոչ ոք չհասկացավ՝ որքան վատ է վիճակը։ Հենց այդ պատճառով էլ կարևոր է ուշադրություն դարձնել այդ ամենին հենց սկզբից և մոբիլիզացվել», – հայտարարել է Կատալին Չեհը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի ընտրողները պետք է դադարեցնեն մտածել, թե իրենց երկիրն ունի իմունիտետ և Հունգարիայի նման զարգացումներ չեն կարող տեղի ունենալ ԱՄՆ-ում։
«Դուք պետք է գնաք բոլոր բողոքի ակցիաներին, մասնակցեք բոլոր ցույցերին, կանգնեք նրանց կողքին, ում վրա հարձակվում են», – ասել է հունգարացի պատգամավորը։
Կատալին Չեհը կոչ է անում Դեմոկրատական կուսակցությանը գտնել նոր թեկնածուներ, քանի որ ընտրողները այլևս չեն վստահում հին դեմքերին։
«Ավտոկրատները ձախողվում են կառավարման մեջ։ Քաղաքային վճարումներ, առողջապահական համակարգի ճգնաժամ, կրթություն։ Եթե դուք կենտրոնանաք այս ոլորտների վրա և չխոսեք միայն դատարաններում ընթացող գործընթացների տեխնիկական մանրամասների մասին, ապա ժողովուրդը ավելի շատ կաջակցի ձեզ», – նշել է Կատալին Չեհը։