Հռոմի պապը կոչ է արել Ռուսաստանին և Ուկրաինային համարձակություն գտնել և ուղիղ բանակցություններ սկսել՝ պատերազմը դադարեցնելու համար
Առաջին Սուրբ Ծննդյան ուղերձի ընթացքում Հռոմի պապ Լևոն XIV-ը կոչ է արել Ռուսաստանին և Ուկրաինային գտնել խիզախություն և անցկացնել ուղիղ բանակցություններ՝ պատերազմը ավարտելու համար։
Սուրբ Պետրոսի հրապարակում ավանդական Սուրբ Ծննդյան ուղերձը լսելու համար հավաքվել էր մոտ 26 000 մարդ։ Պոնտիֆիկոսը կոչ է արել ամբողջ աշխարհում ընթացող հակամարտությունների ավարտին և նշել, որ խաղաղությունը համընդհանուր պատասխանատվություն է։
Խոսելով Ուկրաինայի մասին՝ Հռոմի պապը հայտարարել է. «Թող դադարի զենքերի աղմուկը, և ներգրավված կողմերը՝ միջազգային հանրության աջակցության և նվիրվածության պայմաններում, դրսևորեն խիզախություն՝ ներգրավվելու անկեղծ, ուղիղ և փոխադարձ հարգանքով լի երկխոսության մեջ»։
Միևնույն ժամանակ Հռոմի պապ Լևոն XIV-ը դատապարտել է անկարգությունները և հակամարտությունները, որոնք ընթանում են աշխարհի տարբեր հատվածներում, այդ թվում՝ Թաիլանդում և Կամբոջայում։ Սուրբ Ծննդյան ուղերձում պոնտիֆիկոսը Լիբանանին, Պաղեստինին, Իսրայելին և Սիրիային մաղթել է արդարություն, խաղաղություն և կայունություն։
«Տիրոջ ծնունդը խաղաղության ծնունդն է։ Խաղաղության ճանապարհը պատասխանատվությունն է։ Եթե մեզանից յուրաքանչյուրը, բոլոր մակարդակներում, դադարի ուրիշներին մեղադրել և փոխարենը ընդունի սեփական սխալները, խնդրի Աստծուց ներողություն և համերաշխություն դրսևորի թույլերի ու ճնշվածների նկատմամբ, ապա աշխարհը կփոխվի», – հայտարարել է Հռոմի պապ Լևոն XIV-ը։