Հնարավոր է շաբաթ օրը օգտագործվի ուսումնական գործընթացի համար. Էկատերինե Դգեբուաձե
Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի առաջին տեղակալ, Էկատերինե Դգեբուաձեի հայտարարությամբ, հնարավոր է, որ շաբաթ օրը օգտագործվի ուսումնական գործընթացի համար:
Նրա խոսքով, դպրոցները լիարժեք ազատություն ունեն, անհրաժեշտության դեպքում, իրենք կազմակերպեն ուսումնական գործընթացը:
«Այսօր դպրոցներն ունեն լիակատար ազատություն, կազմակերպելու իրենց ուսումնական գործընթացը: Այստեղ խոսքը վերաբերում է նրան, թե որ ժամին է սկսվելու ուսումնական գործընթացը, որքան կտևի դասաժամը, ինչպես նաև ինչպես կկազմակերպվեն ընդմիջումները: Հնարավոր է նաև, որ շաբաթ օրը օգտագործվի ուսումնական գործընթացի համար:
Կրթության նախարարությունն աշխատել է բոլոր ուղղություններով, որպեսզի պաշտպանի աշակերտների առողջությունը և կրթության իրավունքը: Դրա համար ներդրել է առավելագույն ռեսուրսներ: Մենք կարող ենք ծնողներին ասել, որ իրենց երեխաները պաշտպանված կլինեն դպրոցներում և թող չվախենան, որ սահմանված նորմերը չեն պահպանվի»,- հայտարարել է Էկատերինե Գդեբուաձեն:
Լրագրողի այն հարցին, թե ինչ հանձնարարականների պաշտպանությամբ են աշխատելու դպրոցները, Դգեբուաձեն ասել է, որ այս կապակցությամբ երկու ուղղություն է սահմանվել:
«Սրանք երկու տարբեր ուղղություններ են: Եթե մենք խոսում ենք ուսուցիչների թեստավորման մասին, այս դեպքում դա պարտադիր փորձարկում է, որտեղ պարտադիր պետք է փորձարկվի դպրոցների աշխատողների առնվազն 20 տոկոսը: Այստեղ մենք խոսում ենք ինչպես ուսուցիչների, այնպես էլ վարչակազմի աշխատակիցների մասին: Նրանցից յուրաքանչյուրը կապ ունի աշակերտի հետ և բոլորը պետք է ստուգվեն: Այս գործընթացը ընթացքի մեջ է և թեստերի վերաբերյալ վիճակագրական տվյալները արդեն համապատասխան գերատեսչություններում է: Ինչ վերաբերում է աշակերտներին, ապա այս կապակցությամբ կա արձանագրություն: Դպրոց մուտք գործելիս բոլոր աշակերտները անցնելու են ջերմասքրինինգ և ջերմության դեպքում կա որոշակի արձանագրություն, թե ինչպես է դպրոցը գործելու: Բոլոր տեղեկությունները, թե դպրոցի ղեկավարությունն ինչ քայլեր է ձեռնարկելու, ներկայացված է գրավոր կերպով: Դպրոցները հագեցած են զգալի ռեսուրսներով`հիգիենայի և սանիտարական ուղղությամբ: Նրանք պարտավոր են վերահսկել դպրոցում աշակերտների տեղաշարժը, միջոցներ ձեռնարկել հիգիենայի ուղղությամբ»,- հայտարարել է Դգեբուաձեն:
Հարցին, հնարավոր է թե ոչ, մինչև մարտի 1-ը ուսումնական գործընթացը վերսկսվի Թբիլիսիում, Ռուսթավիում և Քութայիսիում, Դգեբուաձեն պատասխանել է, որ եթե դրականության ցուցանիշը իջնի որոշակի նշանակետի, ապա համակարգող խորհուրդը կքննարկի այդ հարցը:
«Եթե նայենք վիճակագրությանը, ապա այն ամեն օր բարելավվում է, և մեր ակնկալիքն այն է, որ եթե տոկոսը որոշակի մակարդակից իջնի, այս դեպքում համակարգող խորհուրդը կքննարկի մեծ քաղաքներում ուսումնական գործընթացի վերսկսման հարցը», – հայտարարել է Էկատերինե Դգեբուաձեն: