ՀՀ վարչապետի գրասենյակի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում Իրակլի Կոբախիձեին տեղեկացրել է Վաշինգտոնում կայացած բանակցությունների արդյունքների մասին
ՀՀ վարչապետի գրասենյակի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում Իրակլի Կոբախիձեին տեղեկացրել է Վաշինգտոնում կայացած բանակցությունների արդյունքների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի գրասենյակը։

«Նիկոլ Փաշինյանը իր գործընկերոջը տեղեկացրել է օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացած բանակցությունների արդյունքների մասին, մասնավորապես՝ «ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի», ԵԱՀԿ Մինսկի խմբի մեխանիզմների լուծարման վերաբերյալ ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ կոչի, ինչպես նաև երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավասության սկզբունքների շրջանակներում և փոխադարձ համաձայնության հիման վրա տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման, ինչպես նաև «Թրամփի ուղին դեպի միջազգային խաղաղություն և բարգավաճում» նախագծի մասին», – ասվում է հայտարարության մեջ։

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Իրակլի Կոբախիձեին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները հրապարակավ ողջունելու համար։

ՀՀ և Վրաստանի վարչապետները նաև մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային հարաբերությունների օրակարգի շուրջ։

«Նրանք կիսել են այն տեսակետը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է բացում ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար», – ասվում է հայտարարության մեջ։