Ինձ համար մեծ պատիվ է առաջին պաշտոնական այցով գտնվել Վրաստանում, քանի որ մեր քաղաքական օրակարգում Վրաստանի հետ հետագա հարաբերություններին հատուկ տեղ և նշանակություն է հատկացված,- այս մասին հայտարարություն է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ կայացած ճեպազրույցի ժամանակ:
«Մենք մշտապես աշխատում էինք և փորձում զարգացնել հայ-վրացական հարաբերությունները, անկախ մեր գործունեությունից: Ես՝ որպես լրագրող, պատգամավոր, իսկ այժմ՝ որպես Հայաստանի վարչապետ, արել եմ ամեն բան՝ հայ-վրացական հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար: Եվ այժմ մենք այն կոնկրետ իրավիճակում ենք, երբ հնարավորություն կա իրագործելու մեր բազմաթիվ ցանկությունները: Ցանկանում եմ մեկ անգամ ևս շնորհավորել վրաց պետությանը, վրաց ժողովրդին և անձամբ պարոն վարչապետին, առաջին Հանրապետության հիմնադրման հարյուրամյակի կապակցությամբ: Մենք նույնպես նշել ենք այդ տոնը և իսկապես այս տոները կապված են միմյանց հետ»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքերով, Հայաստանը առաջին ժողովրդավարական հանրապետության հիմնադրման մասին հայտարարել է Թբիլիսիում և այս փաստը ցույց է տալիս, որ վրաց-հայկական հարաբերությունները շատ խորացված են:
«Երկու երկրները ունեն քաղաքական, պատմական, մշակութային և միջժողովրդական համատեքստ: Այս կապերը հետագայում պետք է զարգացվեն և խորանան: Մենք համաձայնել ենք այս ուղղություններով քայլեր ձեռնարկելու շուրջ: Ընդհանուր առմամբ համաձայնել ենք, որ այն մթնոլորտը, որը գոյություն ունի հայ-վրացական հարաբերություններում և որը մշտապես դրական էր, անցկացնենք նոր մակարդակի, կոնկրետ արդյունքների, այդ թվում երկկողմ տնտեսական հարաբերությունները»,-նշել է Հայաստանի վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքերով, Հայաստան-Վրաստան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ակտիվացման միջոցով, հնարավոր կլինի գրանցել կոնկրետ արդյունքներ, երկկողմ հարաբերությունների բազմաթիվ ոլորտներում:
«Քննարկել ենք հարաբերություններում երկարաժամկետ տեսլականի անհրաժեշտությունը: Մենք ունենք ինչպես երկարաժամկետ, այնպես էլ կարճաժամկետ ընդհանուր շահեր և ամեն բան պետք է անենք, որպեսզի առկա համագործակցությունը զարգացնենք երկարաժամկետ տեսլականին համապատասխան: Մեզ Վրաստանի հետ կապում են բազմաթիվ համատեղ նախագծեր և կաշխատենք դրանց ժամանակին և բարձրորակ իրականացման համար: Ինչպես նաև աշխատելու ենք նոր նախագծերի վրա: Հատկանշական է, որ հայ-վրացական հարաբերություններում կան չլուծված հարցեր, այստեղ կարևոր գործոնը տրամադրվածությունը և ցանկությունն է: Մեր պատվիրակությունը Վրաստան է ժամանել մեր պատրաստակամությունը գրանցելու, եղբայրական և բարեկամական հարաբերությունները քննարկելու համար և կարծում եմ, այս մթնոլորտը կարող է լուրջ զարգացում բերել մեր հարաբերություններին: Ուրախ եմ նշել, որ Վրաստանի կառավարությունը և կոնկրետ պարոն վարչապետը ևս նույն կարծիքի են: Մենք գտնվում ենք մեր հարաբերությունների զարգացման այն փուլում, երբ ունենք հնարավորություն, ուժ հաղորդել մեր երկկողմ հարաբերություններին, խորացնել դրանք բոլոր ուղղություններով և բոլոր մակարդակներով: Իհարկե, կարևորագույն հարց է տարածաշրջանի կայունությունը»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, հանդիպմանը զրուցել են տարածաշրջանային կայունության, խաղաղության, անվտանգության հարցերի շուրջ:
«Մենք այս ուղղությամբ պետք է ջանքեր ձեռնարկենք, քանի որ տարածաշրջանի խաղաղությունը և կայունությունը մեր ապագա զարգացման նախապայմանն է: Մենք տպավորության տակ ենք Վրաստանի հանրության վերաբերմունքից Հայաստանում ապրիլ-մայիսին տեղի ունեցած «թավշյա հեղափոխության» նկատմամբ: Մենք հիշում ենք վրաց լրագրողների ակտիվ մասնակցությունը: Այստեղ տեսնում եմ ծանոթ դեմքեր, որոնք մեզ դարձել են մտերիմ: Վերջին 15-20 օրվա ընթացքում մենք հաճախ էինք տեսնում նրանց և ուրախ եմ, որ այստեղ կրկին հանդիպել եմ նրանց: Կարծում եմ, այս հետաքրքրությունը կպահպանվի ոչ միայն քաղաքական հարցեր լուծելիս, այլ ընդհանուր հարաբերություններում: Մենք հաճախ տեղյակ չենք մեր երկրներում ընթացող կարևոր իրադարձությունների մասին և լրագրողական ոլորտում դեռևս բազմաթիվ հարցեր պետք է պարզենք, որպեսզի տեղեկացված լինենք այս երկու երկրներում ընթացող իրադարձությունների մասին: Մենք աշխարհագրական դիրքով մոտ ենք միմյանց, սակայն մեր երկրները և ժողովուրդները ունեն քաղաքական գործընթացներին առավել լավ ծանոթանալու անհրաժեշտություն: Մենք այստեղ ենք կոնկրետ հեռանկարներ բացելու, կոնկրետ հարցեր որոշելու հնարավորություն ստեղծելու համար: Վստահ եմ, մեր հարաբերություններում կլինեն լուրջ և նոր զարգացումներ և դրանք պետք է բխեն Հայաստանի Հանրապետության և Վրաստանի շահերից: Որպես ինքնիշխան երկրներ, պարտավոր ենք գործել մեր ընդհանուր շահերից ելնելով: Վստահ ենք, որ մեր կառավարություններն ունեն բավականին կամք և ունակություն, կարողանանք այս հարաբերությունը դարձնել առավել արդյունավետ և այն մակարդակի, որ Հայաստանի և Վրաստանի քաղաքացիներն իրենց առօրյայում զգան մեր բարեկամության խորացումը և այնպիսի մթնոլորտ, ինչպիսին էր իմ և վարչապետի այսօրվա հանդիպմանը: Պարոն վարչապետ, հույս ունեմ մոտ ապագայում կտեսնեմ ձեզ Երևանում, որպեսզի այս հարաբերությունները շարունակենք նաև առաջիկայում: Հույս ունեմ, աշնանը, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին Վրաստանը կլինի բարձր մակարդակով ներկայացված և մենք կունենանք հանդիպման բազում հնարավորություններ: Մենք չպետք է բավարարվենք դրանով, պետք է ժպտանք միմյանց և հաճախ քննարկենք հարցեր՝ դրանք բարեկամական մթնոլորտում լուծելու համար: Ողջունում եմ բարեկամ վրաց ժողովրդին»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: