Հայաստանի խորհրդարանի նախագահը․ Մայիսի 9-ի հաղթանակը նաև մեր հաղթանակն է, Նիկոլ Փաշինյանի հնարավոր մասնակցությունը Մոսկվայի շքերթին չի ազդի ԵՄ-ի հետ հարաբերությունների վրա
Մայիսի 9-ի շքերթին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր մասնակցությունը Մոսկվայում չի ազդի Եվրոպական միության հետ հարաբերությունների վրա։ Այս մասին հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Լրագրողները Սիմոնյանին հարցրել են, արդյոք հնարավոր է, որ Փաշինյանի այցը Մոսկվա՝ Մայիսի 9-ի շքերթին մասնակցելու համար, բացասական արձագանք ստանա ԵՄ-ի կողմից։ Սիմոնյանը նշել է, որ Հայաստանի դիրքորոշումը միջոցառմանը մասնակցության վերաբերյալ պայմանավորված է այն փաստով, որ այդ հաղթանակը նաև հայ ժողովրդի հաղթանակն է։
«Մայիսի 9-ի հաղթանակը մեր հաղթանակն էլ է։ Այդ հաղթանակի համար զոհվել է 300 հազար հայ, շատերը կռվել են։ Դա մեր հպարտության օրերից մեկն է, և ես կարծում եմ, որ շքերթին վարչապետի մասնակցությունը որևէ կապ չունի ԵՄ-ի կամ այլ հարցերի հետ», – հայտարարել է Սիմոնյանը։
Նա հավելել է նաև, որ շատ ԵՄ ղեկավարներ այցելում են Մոսկվա և հանդիպում նախագահ Պուտինին։ Նրա խոսքով՝ Հայաստանը ունի իր դիրքորոշումները, իսկ ԵՄ պաշտոնյաները՝ իրենցը։
«Միջպետական հարաբերություններում՝ լինի դա ԵՄ-ի, Ռուսաստանի թե այլ երկրի հետ, Հայաստանը ունի իր սեփական դիրքորոշումները, որոնք մենք պաշտպանում ու զարգացնում ենք։ Հնարավոր է՝ որևէ երկիր դա չհավանի, հնարավոր է՝ մեկ ուրիշին մեր որևէ այլ քայլ դուր չգա, բայց ներեցեք, մենք ունենք մեր շահերը, տեսլականն ու ճանապարհը», – հայտարարել է Սիմոնյանը։