Հայաստանի կառավարությունը հրաժարական է տվել
Հայաստանի կառավարությունը հրաժարական է տվել

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նախագահ Արմեն Սարգսյանին է ներկայացրել կառավարության հրաժարականի դիմումը: Հանրապետության նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը:

Կառավարության անդամները կշարունակեն իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:

Սահմանադրության համաձայն, Հանրապետության նորընտիր նախագահի պաշտոնը ստանձնելու օրը Կառավարությունը ներկայացնում է իր հրաժարականը:

Յոթնօրյա ժամկետում ԱԺ խմբակցությունները կներկայացնեն վարչապետի իրենց թեկնածուներին։

Վարչապետն ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ բաց քվեարկությամբ։

Ապրիլի 17-ին տեղի կունենա վարչապետի ընտրություն, ինչից հետո հնգօրյա ժամկետում հանրապետության նախագահին կներկայացվեն կառավարության անդամների թեկնածուները, իսկ 15-օրյա ժամկետում պետք է կառավարության անդամների 2/3-ը նշանակված լինեն:

Նոր Սահմանադրության համաձայն՝ Կառավարությունն ունենալու է առաջին փոխվարչապետ, 2 փոխվարչապետ և 18 նախարար: