Հայաստանի իշխանությունները պահանջում են դուրս բերել ռուս սահմանապահներին Երևանի միջազգային օդանավակայանից
Հայաստանի իշխանությունները պահանջում են դուրս բերել ռուս սահմանապահներին Երեւանի միջազգային օդանավակայանից։ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով, Հայաստանի դիրքորոշումն այն է, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ծառայություններն ամբողջությամբ պետք է մատուցեն հայ սահմանապահները։
«Հայաստանը հստակ դիրքորոշում ունի այս հարցում և այդ մասին պաշտոնական նամակով տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնությանը»,- ասաց Արմեն Գրիգորյանը։
Հարցին, թե ինչո՞ւ նման անհրաժեշտություն առաջացավ, Գրիգորյանը պատասխանեց, որ անկախության շրջանում Հայաստանը ներուժ է ձեռք բերում տարբեր ուղղություններով, և այս պահին Հայաստանն ունի օդանավակայանն ամբողջությամբ վերահսկելու ներուժ:
Ավելի վաղ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծիք էր հայտնել, որ ճիշտ կլինի, եթե ռուս սահմանապահները հեռանան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դիմիտրի Պեսկովի խոսքով՝ Հայաստանը որևէ որոշում չի կայացրել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման հետ կապված և պաշտոնական ալիքներով Ռուսաստանին չի տեղեկացրել։