Հայաստանի էկոնոմիկայի նախարար. Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալն օրակարգում չկա, ԵՄ անդամակցությունը զուգահեռ գործընթաց է

14:42, 13.01.2025

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, և այս կազմակերպությունից դուրս գալու հարց օրակարգում չկա։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Եվրամիությանն անդամակցելու գործընթացը զուգահեռ գործընթաց է: Մեր խնդիրը ոչ թե այս օրակարգի քննարկումն է, այլ մեր տնտեսության կայունության բարձրացումը։ Հայաստանը պետք է բարձրացնի իր արտադրանքի մրցունակությունը՝ անկախ նրանից՝ Եվրասիական տնտեսական միությունում է, թե Եվրամիությունում»,- նշել է Պապոյանը։

Պապոյանի խոսքով, Հայաստանի կառավարությունը չի մտածում Եվրասիական տնտեսական միությունն այլ բանով փոխարինելու մասին.

«Մենք ուզում ենք անկախ լինել: Սա նշանակում է հույս դնել ոչ թե մեկի, այլ շատերի վրա, միաժամանակ ստեղծել այնպիսի պայմաններ, որ շատերը որոշ չափով կախված լինեն մեզնից։ Մենք պետք է դառնանք մի պետություն, որտեղ եթե մեր տնտեսության հետ ինչ-որ բան կատարվի, դա կարտացոլվի այլ երկրների տնտեսություններում, այդ դեպքում ռիսկերը կնվազեն։ Ոչինչ չպետք է փոխվի, անհրաժեշտ է պահպանել և ավելացնել ծավալները Եվրասիական տնտեսական միությունում, ինչպես նաև մյուսների հետ մեկտեղ ավելացնել այս ցուցանիշը»,- նշել է Պապոյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Եվրամիությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացն սկսելու մասին» օրենքի նախագծին։ Այս որոշմանը արձագանքել է Կրեմլը՝ նշելով, որ քիչ հավանական է, որ Հայաստանը միաժամանակ լինի Եվրամիությունում և Եվրասիական տնտեսական միությունում։

 

Հեղինակ՝ Մարիամ Ախալայա

Նմանատիպ