Հայաստանի արտաքին գործերի նախարարություն Մարտունակ բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է, Հայաստանն այլ նպատակ չունի, քան պաշտպանել իր միջազգայնորեն ճանաչված տարածքը

20:16, 25.07.2024

 

Մարտունակ բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է, Հայաստանը պաշտպանության և անվտանգության ոլորտում այլ նպատակ չունի, բացառությամբ միջազգայնորեն ճանաչված իր տարածքի պահպանության»,- ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։

Հայաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն՝ բանակի բարեփոխումների գործընթացում Հայաստանի Հանրապետությունը գործում է միջազգային իրավունքի շրջանակներում։

«Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի դիվանագիտական խողովակներով և հրապարակայնորեն արված առաջարկները սահմանային միջադեպերի և/կամ դրանց մասին տեղեկությունների հետաքննության՝ Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին՝ շարունակում են անարձագանք մնալ Ադրբեջանի կողմից:

Նման մեխանիզմի գործարկումը հնարավորություն կտար պարզաբանել ցանկացած իրավիճակ և կկանխարգելեր իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների տարածումը: Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետությանն էսկալացիոն հռետորաբանության մեջ ներքաշելու փորձերն անընդունելի են:

ՀՀ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին և չի շեղվելու այս ռազմավարությունից: Նաև հիշեցնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական խողովակներով և հրապարակային Ադրբեջանին առաջարկել է սպառազինությունների վերահսկման փոխադարձ մեխանիզմ ստեղծել և համապատասխան պայմանագիր կնքել, ինչը նույնպես Ադրբեջանը թողել է անպատասխան: Չնայած սրան, նաև այս առաջարկն է շարունակում մնալ ուժի մեջ»,- ասված է հաղորդագրության մեջ:

© factor.am

Նմանատիպ