Հայ զինվորականները Սաչխերեի լեռնային կենտրոնում անցնում են հատուկ պատրաստության կուրս
Հայաստանից հինգ զինվորական ուսուցման կուրս են անցնում Սաչխերեի լեռնային ուսուցման կենտրոնի բազային ծրագրի շրջանակներում: Այս մասին լրատվություն է տարածել Վրաստանի պաշտպանության նախարարությունը:
Բացի հայ զինվորականներից կուրսին մասնակցում են նաև վրացի, լատվիացի և լեհ զինվորականներ:
Վարժանքները մեկնարկել են այսօր և տևելու են մինչև փետրվարի 2-ը:
Դասընթացների շրջանակներում զինվորականներին սովորեցնելու են կանգնել դահուկների վրա, հաղթահարել լեռնային տարածքներում գտնվող պատնեշները և իրականացնել որոնողափրկարարական օպերացիաներ: Նրանց ցուցադրելու են, թե ինչպես պետք է հայտնաբերել և օգնություն ցուցաբերել ձնահոսքի տակ հայտնված մարդկանց, ինչպես նաև նրանց էվակուացնելու կամ ձյան մեջ ապաստան ստեղծելու հնարավորությունները:
Կուրսը ավարտելուց հետո մասնակիցները անցնելու են թեստավորում: Այն հաջող ավարտելու դեպքում զինվորականները կստանան հատուկ սերտիֆիկատներ:
Հիշեցնենք, 2017 թ. դեկտեմբերին Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան իր հայ գործընկեր Վիգեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, առաջարկել է հայ զինվորականներին մասնակցել Սաչխերեի լեռնային պատրաստության կենտրոնում ընթացող միջազգային ուսուցումներին:
Հեղինակ -
Edgar Barsegyan