Հայ-վրացական հարաբերությունները մեզ համար ունեն պատմական և մարդկային հիմք և այդ կապն անբաժան է. Նիկոլ Փաշինյան (վիդեո)
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին դեմ առ դեմ հանդիպմանը հյուրընկալել է կառավարության վարչությունում:
Կողմերը զրուցել են երկկողմ հարաբերությունների առավել խորացման և տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման մասին:
Վրաստանի կառավարության ղեկավարը Հայաստանի վարչապետին շնորհավորել է առաջին հանրապետության 100-ամյա հոբելյանի կապակցությամբ և նշել, որ այդ ամսաթվին նրա այցը խորհրդանշական է:
«Մենք միաժամանակ ենք հռչակել անկախություն և առաջին հանրապետություն: Այս ամսաթիվը տոնել ենք օրեր առաջ Վրաստանում և մեզ հետ էր նաև Հայաստանի նախագահը: Մեզ համար, իհարկե, անչափ կարևոր են Հայաստանի կայունությունը և զարգացումը, ուստի մեծ ուշադրությամբ էինք հետևում վերջին իրադարձություններին: Հայ ժողովուրդն արտահայտեց միասնության և ժողովրդավարական սկզբունքների նկատմամբ իր հավատարմությունը, որից հետո տեղի ունեցած խաղաղ իշխանափոխություն: Ցանկանում եմ օգտվել առիթից և մաղթել հաջողություններ: Վստահ եմ, մենք միասին կկարողանանք նոր ուժ հաղորդել երկկողմ հարաբերություններին երկրի և ժողովրդի հետ, որոնց հետ մեզ կապում է բազմադարյա բարեկամություն: Հաստատում եմ իմ և իմ կառավարության պատրաստակամությունն այդ հարցում»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը Վրաստանի կառավարության ղեկավարին շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և ընդգծել հայ-վրացական հարաբերություննների նշանակությունը:
«Հայ-վրացական հարաբերությունները մեզ համար պատմական և մարդկային հիմք ունեն: Մեր ժողովուրդները կապված են խորը արմատներով և այդ կապն անբաժան է: Խորհրդանշական է և պատահական չէ, որ իմ առաջին պաշտոնական այցը կայացավ Վրաստանում: Սա արտահայտում է ոչ միայն իմ ժողովրդի, այլ անձամբ իմ վերաբերմունքը վրաց ժողովրդի և Վրաստանի նկատմամբ: Անկեղծ շնորհավորում ենք առաջին ժողովրդավարական հանրապետության 100-ամյա հոբելյանի առթիվ: Մեր երկիրը հոբելյանական միջոցառումներին մասնակցել է նախագահի մակարդակով, որը նրա ապացույցն է, թե ինչ կարևորություն ենք տալիս մենք այս ամսաթվին: Վստահ եմ, հեղափոխության արդյունքում, հայ-վրացական հարաբերությունները կստանան զարգացման նոր հեռանկար: Նոր կառավարությունը ջանք չի խնայի երկկողմ հարաբերությունների առավել զարգացման համար: Մենք այստեղ ենք գտնվում, որպեսզի մեկ անգամ ևս հաստատենք, որ Վրաստանի հետ հարաբերությունները պետք է խորացնել և ստեղծել բարեկամական ֆոն: Մենք ցանկանում ենք Վրաստանը տեսնել հզոր և կայուն»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: