Հայ Առաքելական եկեղեցին մարտի 25-ին նշում է Ծաղկազարդը

2018 թվականի մարտի 25-ին, Սուրբ  Հարությանը նախորդող կիրակի օրը, Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ծաղկազարդն հռչակել է որպես մանուկների օրհնության օր, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Տիրոջ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին ասելով. «Օրհնություն, Դավթի որդուն» (Մատթ. 21:15):

Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում խորանի վարագույրը: Հաջորդ օրը, մարտի 25-ին, ժամերգությունից հետո, բաց վարագույրով, Վիրահայոց թեմի բոլոր գործող եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ: Ծաղկազարդի առավոտյան եկեղեցում կօրհնվեն ձիթենու կամ ուռենու ոստերը և կբաժանվեն ժողովրդին:

Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին և պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսին հետևողների խոնարհությունը:

Նշենք, որ մարտի 25-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցի Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Մեր տեսագրությունում Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Մանուկ Զեյնալյանը մեկնաբանում է Ծաղկազարդը՝ Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ