Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան և Աստվածահայտնության տոնը
Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան և Աստվածահայտնության տոնը: Տոնի առիթով մարդիկ միմյանց ողջունում են հետևյալ խոսքերով. «Քրիստոս ծնավ և հայտնեցավ», որի պատասխանն է` «Օրհնյալ է Ծնունդը Քրիստոսի»:
Հայ առաքելական եկեղեցում տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո` ժամը 17.00-ից: Սուրբ Ծննդի տոնը սկսվում է ճրագալույցի Սուրբ պատարագով: Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որը մոգերին առաջնորդեց դեպի Հիսուս: Ճրագալույցին վառվում են եկեղեցու ջահերն ու կանթեղները, եկեղեցի եկած մարդկանց վառվող մոմեր են բաժանվում, որից հետո մատուցվում է Սբ. Պատարագ:
Սուրբ Ծնունդից առաջ մեկշաբաթյա պահքը լուծվում է այդ Ծննդյան պատարագով: Եկեղեցուց տուն բերված մոմերը վառում են ընթրիքի ժամանակ: Տոնական սեղանին դրվում է ձուկ: Ձուկը քրիստոնյաների խորհրդանիշն է, որով դեռ հնում տարբերվում էին հեթանոսներից: Սեղանին դրվում է նաև բրնձով, յուղով և չամիչով փլավ: Սա ևս պատահական չէ. բրինձը մարդկությունն է, իսկ չամիչները` ընտրյալնեը` նրանք, ում Աստված ընտրեց իր գործը շարունակելու:
Հունվարի 6-ին` Ս. Ծննդյան Ս. Պատարագից հետո, կատարվում է Ջրօրհնեք, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը: Խաչով և Սրբալույս Մյուռոնով օրհնված հրաշագործ ջուրը բաժանվում է ժողովրդին` ի բժշկություն հոգևոր և մարմնավոր ախտերի: Հունվարի 7-ին մեռելոց է, հիշատակի օր:
Հեղինակ -
Edgar Barsegyan