Համասը սկսել է իսրայելցի պատանդների ազատ արձակման գործընթացը, Գազայում յոթ պատանդ հանձնվել է Կարմիր խաչին
Համասը սկսել է իսրայելցի պատանդների ազատ արձակման գործընթացը, Գազայում յոթ պատանդ հանձնվել է Կարմիր խաչին

Համասը սկսել է իսրայելցի պատանդների ազատ արձակման գործընթացը: Իսրայելական լրատվամիջոցների հաղորդմամբ, Գազայում յոթ պատանդ հանձնվել է Կարմիր խաչին:

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բազմափուլ գործողություն է սկսել՝ Իսրայելի և Համասի միջև հրադադարի համաձայնագրի շրջանակներում պատանդների և կալանավորվածների ազատ արձակումն ու տեղափոխումը հեշտացնելու համար», – ասվում է Կարմիր խաչի հայտարարության մեջ:

Ինչպես պարզաբանել է Իսրայելի վարչապետի գրասենյակը, գործընթացը բաժանվելու է երկու փուլի և կտևի մի քանի ժամ:

Սկզբում պատանդները կհանձնվեն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին, ապա կփոխանցվեն Իսրայելին:

Համասը հրապարակել է քսան պատանդների անունները, որոնք ազատ կարձակվեն առաջիկա մի քանի ժամվա ընթացքում: Հրապարակվել են նաև 1718 պաղեստինցի բանտարկյալների անունները, որոնց իսրայելական կողմը կազատի պատանդների վերադարձից հետո:

Տեղեկության համար, Իսրայելի կառավարությունը նախկինում հաստատել էր Գազայի հատվածում հրադադարի և պատանդների ազատ արձակման ծրագիրը՝ որպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ներկայացված խաղաղության ծրագրի մաս։