Համաձայնել ենք, որ տարածքային ամբողջականությունը, որին աջակցում է Հայաստանը, մեզ համար անչափ կարևոր է. Գիորգի Գախարիա
Հանդարտությունն ու խաղաղությունը ամենակարևորն են, որ տնտեսության վրա կենտրոնացված, բարեկեցության մեծ հնարավորություններ տանք մեր քաղաքացիներին,-այս մասին Վրաստանի վարչապետ, Գիորգի Գախարիան հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետ, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Գախարիայի խոսքով, Վրաստանի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերություններն ունեն բազմադարյա պատմություն, և այդ բարեկամությունը պետք է խորանա և դառնա էլ ավելի արդյունավետ:
Վարչապետի հայտարարությամբ, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են առևտրատնտեսական հարաբերություններին, ինչպես նաև տրանսպորտի և էներգետիկայի ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր:
«Հարգելի վարչապետ, ուրախ եմ, որ նոր կարգավիճակում առաջին պաշտոնական այցով գտնվում եմ Հայաստանում: Մենք նախ և առաջ անդրադարձել ենք երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերություններին, որոնք ունեն բազմադարյա պատմություն և մեր գործառույթն ու դերը այդ հարաբերությունների էլ ավելի խորացնելն է: Իարկե, ամենակարևոր հարթություններից մեկը տնտեսությունն է:
Այստեղ մենք ունենք լավ արդյունքներ, մեր միջև առևտուրը գնալով զարգանում է: Զրուցել ենք տրանսպորտի և էներգակիրների ոլորտներում համագործակցության կարևորության մասին: Քննարկել ենք նաև մշակութային հարթությունը և նշել, որ, իհարկե մեր դրական պարտավորությունն է պահպանել մշակութային ժառանգությունը մեր երկրներում»,- հայտարարել է Գիորգի Գախարիան:
Վարչապետի խոսքով, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային հարցեր, այդ թվում ընդգծվել է միջազգային հարթակներում փոխաջակցության կարևորությունը:
«Համաձայնել ենք, որ տարածքային ամբողջականությունը, որին աջակցում է Հայաստանը, մեզ համար անչափ կարևոր է և դրա համար հայտնել ենք շնորհակալություն: Այն դրական փոփոխությունները, որոնք ունենք վերջերս միջազգային հարթակներում, միմյանց աջակցելու առումով, պետք է ամրապնդենք և խորացնենք: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել գործընկերոջս ջերմ ընդունելության համար և համոզմունքս հայտնել, որ այսօրվա հանդիպումը կլինի ևս մեկ քայլ մեր երկու երկրների միջև արդյունավետ համագործակցության ամրապնդման ուղղությամբ»,- ասել է Գիորգի Գախարիան: