Հաքան Ֆիդան. Մենք Վրաստանի իշխանությունների հետ միասին ուշադիր հետևում ենք խփված ռազմական ինքնաթիռի հետ կապված որոնողական-փրկարարական գործողություններին
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարում է, որ Թուրքիայի կառավարությունը Վրաստանի իշխանությունների հետ միասին հետևում է ռազմական բեռնատար ինքնաթիռի կործանման վայրում իրականացվող որոնողափրկարարական գործողություններին։
Այս մասին Հաքան Ֆիդանը գրել է սոցիալական ցանց X-ում։
«Վրաստանի իշխանությունների հետ սերտ համագործակցությամբ ուշադիր հետևում ենք ռազմական բեռնատար ինքնաթիռի հետ կապված ընթացիկ որոնողափրկարարական գործողություններին, որը կործանվեց Ադրբեջանից մեր երկիր վերադառնալիս։ Աստծուց ներում եմ հայցում մեր նահատակների համար և տոկունություն՝ նրանց ընտանիքներին ու հարազատներին։ Թող մխիթարություն լինի մեր ժողովրդին», – գրել է Հաքան Ֆիդանը։
Սիգնաղիի մունիցիպալիտետում, Վրաստանի պետական սահմանից մոտավորապես 5 կիլոմետր հեռավորության վրա, թուրքական ռազմական ինքնաթիռը կործանվել է։ Ինքնաթիռը թռիչք էր կատարում Ադրբեջանի–Թուրքիայի ուղղությամբ։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Վրաստանի Քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածի 4-րդ մասով, որը նախատեսում է պատասխանատվություն օդային տրանսպորտի երթևեկության կամ շահագործման կանոնների խախտման համար, ինչի հետևանքով մարդու մահ է տեղի ունեցել։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ կործանված թուրքական ինքնաթիռի տախտակամածում գտնվել է 20 զինծառայող։