Հակաահաբեկչական գործողությունների շրջանակներում ՊԱԾ-ը մի քանի հատուկ գործողություններ է իրականացրել, երկու հոգի բերման են ենթարկվել
Վրաստանի պետական անվտանգության ծառայության կողմից հակաահաբեկչական գործողությունների շրջանակներում իրականացված օպերատիվ և քննչական գործողությունների արդյունքում երկրի ողջ տարածքում միաժամանակ մի քանի հատուկ գործողություններ են իրականացվել։
Պետական անվտանգության ծառայության տվյալներով՝ ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձերբակալվել է Վրաստանի երկու քաղաքացի, որոնց տներից առգրավվել են հետաքննության համար կարևոր ապացույցներ՝ զինամթերք, տարբեր տեսակի էլեկտրոնային սարքեր, կանխիկ գումար և այլ կարևոր իրեր։
«Բերման ենթարկված անձանց տներից առգրավվել են նաև միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ հնարավոր կապերը հաստատող տարբեր ապացույցներ: Արտասահմանյան ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու և ահաբեկչական գործունեությանն օժանդակելու փաստի առթիվ Վրաստանի քրեական օրենսգրքի 328-րդ հոդվածով հետաքննություն է ընթանում։ Հետաքննությունը վարում է Պետական անվտանգության ծառայության հակաահաբեկչական կենտրոնը»,- ասված է ՊԱԾ-ի հաղորդագրության մեջ։