Հաջողություն եմ մաղթում Շվեյցարիայում վրացական գինուն. Բեռնի քաղաքապետ
Հաջողություն եմ մաղթում Շվեյցարիայում վրացական գինուն. Բեռնի քաղաքապետ

Շվեյցարիայի Համադաշնության մայրաքաղաք Բեռնում անցկացվող՝ FERNWEH փառատոնի շրջանակներում, անց է կացվել «Վրացական գինու համաժողով»։ Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության հաղորդմամբ, սա Շվեյցարիայում իր տեսակի մեջ առաջին միջոցառումն է և հատկապես կարևոր է վրացական գինու ճանաչողականության և արտահանման խթանման համար։

Բեռնի քաղաքապետ Ալեք ֆոն Գրաֆենրիդը (Alec von Graffenried) ներկա է գտնվել գինու համաժողովին և ծանոթացել վրացական գինեգործության պատմությանն ու վրացական գինեգործական ընկերությունների կողմից ներկայացված գինիներին։

«Բեռնում ընթացող FERNWEH փառատոնը նպատակ ունի տեղացիներին ծանոթացնել օտար երկրների մշակույթին: Այսօր ծանոթացա Վրաստանի հետ, որն ունի կույժով գինու արտադրության 8000-ամյա ավանդույթ և պատմություն, ինչպես նաև տարբեր շրջանների գինիների, որոնց նախկինում չգիտեի։ Ուրախ եմ, որ մասնակցել եմ այս համաժողովին: Հաջողություն եմ մաղթում Շվեյցարիայում վրացական գինուն»,- ասել է Բեռնի քաղաքապետը։

Վրացական գինու համաժողովն անցկացվել է՝ Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության, Գինու ազգային գործակալության և Զբոսաշրջության ազգային վարչության աջակցությամբ և կազմակերպվել է Շվեյցարիայի Համադաշնությունում Վրաստանի դեսպանատան, Վրացական գինու պատկերասրահի և Վրաստանի մշակութային կազմակերպության կողմից:

«Վրացական գինու պատկերասրահի (GeoHaus GmbH) հիմնադիր Զվիադ Արաբիձեն համաժողովի շրջանակներում ներկայացրել է նաև վրացական գինու շնորհանդես-համտես։ Նշենք, որ Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում այս տարի բացվել է վրացական գինու առաջին պատկերասրահը՝ շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության և Վրաստանի դեսպանատան աջակցությամբ, ինչը կնպաստի վրացական գինու առաջխաղացմանը։ Վրացական գինու պատկերասրահի բացման գաղափարը պատկանում է վրացի գործարար Զվիադ Արաբիձեին»,- ասվում է շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության հաղորդագրության մեջ։

Բեռն քաղաքում գինու մասնագետներն ու հետաքրքրված անձինք երկու օր հնարավորություն ունեցան ծանոթանալու վրացական ընկերությունների կողմից ներկայացված տարբեր տեսակի գինիներին։ Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության և Գինու ազգային գործակալության աջակցությամբ համաժողովին ներկայացված են ՝ «Թելավիի գինու մառան», «Շատո Մուխրանի», «Թելիանի Վելի», «Շիլդա», «GWS», «Ծինանդալի», «Koncho and Company»-ի, «Նեբերաուլի» և «Նիկոլաիշվիլիների Գինու մառան» ընկերությունները:

Համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ «Վրաստան՝ գինու հայրենիք» գիտավավերագրական ֆիլմի ցուցադրություն։