Գրենլանդիայի վարչապետ. Մենք պետք է պատրաստ լինենք հնարավոր ռազմական ներխուժմանը
Մենք պետք է պատրաստ լինենք հնարավոր ռազմական ներխուժմանը,- ասել է Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը։
Այս մասին հայտնել է Bloomberg-ը։
Նիլսենի խոսքով՝ Արկտիկական կղզու բնակչությունն ու իշխանությունները պետք է սկսեն պատրաստվել հնարավոր ռազմական ներխուժմանը, նույնիսկ եթե դա քիչ հավանական սցենար է։
«Ռազմական հակամարտությունը քիչ հավանական է, բայց այն չի կարելի բացառել», – ասել է Նիլսենը Նուուկում կայացած մամուլի ասուլիսում։
Նիլսենի խոսքով՝ Գրենլանդիայի կառավարությունը կստեղծի աշխատանքային խումբ, որը կազմված կլինի բոլոր համապատասխան տեղական իշխանությունների ներկայացուցիչներից։ Ինչպես նշել է Գրենլանդիայի վարչապետը, կառավարությունն աշխատում է հանրությանը նոր առաջարկություններ տալու ուղղությամբ, այդ թվում՝ հինգօրյա սննդի պաշար պատրաստելու վերաբերյալ խորհուրդների վրա։
Բացի այդ, Գրենլանդիայի ֆինանսների նախարար Մուտե Էգեդեն նշել է, որ Գրենլանդիան գտնվում է «մեծ ճնշման» տակ և «պետք է պատրաստ լինի ցանկացած սցենարի»։
Ձեր տեղեկության համար՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Գրենլանդիայի ձեռքբերումը համապատասխանում է ԱՄՆ ազգային անվտանգության շահերին։