Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը հրապարակել է 2026 թվականի «Տեղեկատու դիմորդների համար»

21:22, 03.04.2026

Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը հրապարակել է 2026 թվականի միասնական ազգային քննությունների վերաբերյալ տեղեկատվական փաստաթուղթը՝ «Տեղեկատու դիմորդների համար»։

Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի տեղեկացմամբ՝ «Տեղեկատու դիմորդների համար» ձեռնարկը կարևոր ուղեցույց է, որն ապագա ուսանողներին հնարավորություն է տալիս արդյունավետորեն պլանավորել ինչպես միասնական ազգային քննությունների նախապատրաստական, այնպես էլ գրանցման փուլերը։

Նրանց փոխանցմամբ՝ նշված փաստաթուղթը ներառում է դիմորդների համար անհրաժեշտ և մանրամասն տեղեկատվություն միասնական ազգային քննությունների հետ կապված նորությունների և քննական գործընթացի մասին։

«Այնտեղ ներառված են քննությունների գրանցման ընթացակարգն ու փուլերը, կրթական ծրագրերի ընտրության կանոններն ու հանձնարարականները, քննական գործընթացի կազմակերպման ու անցկացման հարցերը, արդյունքների հրապարակման կարգը, բողոքարկման (ապելյացիայի) ընթացակարգը և բարձրագույն ու պրոֆեսիոնալ ուսումնական հաստատություններ ընդունվելու կարգը։ Փաստաթղթում ներկայացված է նաև բարձրագույն և պրոֆեսիոնալ ուսումնական հաստատությունների կրթական ծրագրերի ցանկը, որն օգնում է դիմորդներին կատարել իրազեկված ընտրություն և սահմանել առաջնահերթությունները։ Տեղեկատուում լրացուցիչ արտացոլված է տեղեկատվություն յուրաքանչյուր առարկայի համար սահմանված գործակիցների, իրավասության նվազագույն շեմի, ուսման վարձի և այլ կարևոր մանրամասների մասին», – նշված է Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի տեղեկատվության մեջ։

Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը դիմորդներին խորհուրդ է տալիս ուշադիր ծանոթանալ փաստաթղթում ներկայացված տեղեկատվությանը և համապատասխանաբար պլանավորել գրանցման ու քննական գործընթացի բոլոր փուլերը։

Նմանատիպ