Գիվի Միքանաձեն հանդիպել է արտերկրում հեռավար ուսուցման ծրագրում ներգրավված էմիգրանտ աշակերտներին և մանկավարժներին

21:20, 17.07.2026

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեն հանդիպել է վրացի էմիգրանտ աշակերտներին և մանկավարժներին, ովքեր ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնի «Ոչ ֆորմալ կրթության ծրագրի» շրջանակներում արտերկրում հեռավար կարգով սովորում են վրացերեն։

Նախարարը հատուկ շնորհակալություն է հայտնել ծրագրում ներգրավված մանկավարժներին։

«Հպարտանալու է, որ վրացի երիտասարդները, չնայած արտասահմանում բնակվելուն, չեն կորցնում հետաքրքրությունը վրաց լեզվի, պատմության և մշակույթի նկատմամբ։ Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել ծրագրում ներգրավված մանկավարժներին, ովքեր բարձր պրոֆեսիոնալիզմով, պատասխանատվությամբ և նվիրումով օգնում են երիտասարդ սերնդին պահպանել սերտ կապը վրաց լեզվի, ազգային ինքնության և հայրենիքի հետ։ Կարևոր է, որ արտերկրում գտնվող վրացի երիտասարդները ճանաչեն մեր երկրի հարուստ պատմությունն ու մշակութային ժառանգությունը։ Մենք միշտ կաջակցենք այնպիսի նախաձեռնությունների իրականացմանը, որոնք կօգնեն նրանց ամրապնդել ազգային ինքնությունը։ Հավատում եմ, որ այս երիտասարդներն իրենց գիտելիքներով և փորձով կարևոր ներդրում կունենան երկրի զարգացման գործում», – հայտարարել է Գիվի Միքանաձեն։

Կրթության նախարարության տեղեկությամբ՝ հանդիպմանը ելույթ է ունեցել նաև ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Էկատերինե Խուցիշվիլին։

Ծրագրի շրջանակներում աշակերտներն առցանց ձևաչափով սովորում են մայրենի լեզուն, ծանոթանում Վրաստանի պատմությանն ու մշակույթին։

Ուսումնական գործընթացը վարում են ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնի կողմից ընտրված և վերապատրաստված որակյալ մանկավարժները։

Ծրագրի կառավարումն իրականացվում է «Վրացերենը էմիգրանտների համար» առարկայական պորտալի միջոցով, որտեղ հնարավոր է գրանցվել, ընտրել ուսումնական խումբն ու մանկավարժին։ Պորտալում հասանելի են նաև ուսումնական ռեսուրսներ։

«Վրացերենը էմիգրանտների համար» պորտալը գործում է 2025 թվականի սեպտեմբերից և ներկայումս միավորում է աշխարհի տարբեր երկրներում (Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, ԱՄՆ, Թուրքիա, Միացյալ Թագավորություն, Նիդերլանդներ, Կանադա և այլն) բնակվող շուրջ 3 500 աշակերտի։

Նմանատիպ