Գիորգի Գախարիան պատվաստման նախապատրաստական հարցերը քննարկել է հատուկ հանձնաժողովի անդամների հետ
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, պատվաստումների նախապատրաստական հարցերն ու պատվաստման ազգային ծրագրի կատարումը քննարկել է, կովիդպատվաստանյութի ընթացքի անխափան ապահովման նպատակով ստեղծված հատուկ հանձնաժողովի անդամների հետ: Հանդիպումը այսօր կայացել է կառավարության վարչակազմում: Տեղեկատվությունը տարածում է կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունը:
Ինչպես հայտնի է, Վրաստանը փետրվարի վերջին ստանալու է «Փայզերի» պատվաստանյութի առաջին չափաբաժինները: Այս փուլում խոսքը գնում է 29 250 չափաբաժնի մասին: Ազգային ծրագրի համաձայն, պատվաստումը կսկսվի բժշկական անձնակազմից: Հատուկ պորտալում համապատասխան տվյալների հավաքումն արդեն սկսվել է:
Կառավարության վարչակազմում ասում են, որ հատուկ հանձնաժողովի անդամները խոսել են այն աշխատանքների մասին, որոնք իրականացվել են պատվաստանյութի առաջին չափաբաժինները ստանալու ուղղությամբ: Առաջին փուլում պատվաստումները կիրականացվեն միայն հիվանդանոցային հատվածում: Այս պահին Վրաստանի երեք խոշոր քաղաքներում ընտրվել է 10 հիվանդանոց և լրացուցիչ հինգ պահուստային կլինիկա, որտեղ պատվաստումները կատարելու են մինչև 40 բրիգադներ: Յուրաքանչյուր բրիգադ, միջազգային չափանիշների համապատասխան, բաղկացած է երեք վերապատրաստված մարդուց, դրանք են. Պատվաստողը, բժիշկը և գրանցողը, ով տվյալները մուտքագրելու է էլեկտրոնային պատվաստման մոդուլում: Յուրաքանչյուր պատվաստումից հետո, շահառուն կրկնակի պատվաստման կկանչվի երեք շաբաթ անց: Ինչպես հանդիպմանը հայտարարել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի ղեկավարը, 40 բրիգադ կկարողանա օրական պատվաստել մինչև 1000 մարդու, ինչը նշանակում է, որ Pfizer-ի պատվաստանյութի առաջին չափաբաժինները՝ 14 000 մարդու ներարկվելու է երկու շաբաթվա ընթացքում:
Բացի այդ, Վարչապետը մանրամասնորեն քննարկել է Pfizer-ի պատվաստանյութի պահման համար անհրաժեշտ հատուկ ջերմաստիճանային ռեժիմը, այսպես կոչված սառը շղթայի տեսանկյունից գոյություն ունեցող պատրաստակամությունը: Նշվել է, որ պատվաստանյութը կպահվի՝ Թբիլիսիի, Քութայիսիի և Բաթումիի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի պահեստներում, որտեղ ապահովված կլինի համապատասխան, ծայրահեղ ցածր ջերմաստիճանի ռեժիմը` մինուս 70-80 աստիճան:
Կառավարության վարչակազմի տվյալներով, դրա հետ մեկտեղ, ինտենսիվ աշխատանքները շարունակում են, որպեսզի ապահովել պատվաստանյութի հաջորդ չափաբաժինների շուտափույթ մուտքը երկիր, որի հիմնական նախապայմանը Առողջապահության համաշխարհային կազմակերպության և պատվաստանյութի միջազգային ճանաչումն է:
Պատվաստումների ազգային ծրագրի համաձայն, 2021 թվականի ընթացքում պատվաստումների թիրախային նշանակետը լինելու է բնակչության 60%: