Գիդեոն Սաար - Մենք պատրաստ ենք ընդունել պատերազմին վերջ դրող լիարժեք համաձայնագիր
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ Իսրայելը ընդունել է ԱՄՆ-ի առաջարկը՝ Գազայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ։
«Նախագահ Թրամփը հստակեցրել է, որ Իսրայելը դրականորեն է արձագանքել իր առաջարկին։ Մենք պատրաստ ենք ընդունել լիարժեք համաձայնագիր, որը կավարտի պատերազմը՝ հիմնվելով կաբինետի որոշման վրա։ Պետք է տեղի ունենա երկու բան. առաջինը՝ մեր պատանդները պետք է վերադառնան, երկրորդը՝ Համասը պետք է վայր դնի զենքերը», – ասել է Սաարը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցերում գրել էր, որ Իսրայելը ընդունել է իր պայմանները, և հիմա հերթը Համասինն է։
«Ես զգուշացրել եմ Համասին հետևանքների մասին, եթե նրանք չընդունեն համաձայնագիրը։ Սա իմ վերջին նախազգուշացումն է, երկրորդը չի լինի», – գրել է Թրամփը։
Իսրայելական կողմի տվյալներով՝ Գազայում դեռևս կան 48 պատանդներ, որոնք առևանգվել են 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակման ժամանակ։