Ղազախստանի էներգետիկայի նախարար. Բաքու-Սուփսա խողովակաշարը համարվում է ղազախական նավթը Սև ծովի նավահանգիստներ մղելու ամենախոստումնալից ուղղություններից մեկը
Բաքու-Սուփսա խողովակաշարը համարվում է ղազախական նավթը Սև ծովի նավահանգիստներ մղելու ամենախոստումնալից ուղղություններից մեկը, ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Ղազախստանի էներգետիկայի նախարար Երլան Ակենժենովը։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ տարածաշրջանում աշխարհաքաղաքական վերափոխումների, արտահանման իրավիճակի փոփոխությունների և Կասպից ծովի ավազանի մի շարք երկրների նկատմամբ պատժամիջոցների սահմանափակումների ֆոնին, Աստանայի համար նավթի արտահանման ուղիների դիվերսիֆիկացման հարցը դառնում է ավելի հրատապ, քան երբևէ։
«Այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում գոյություն ունեցող ուղիներով մղվել է մոտ 750 հազար տոննա նավթ, մինչդեռ ամբողջ անցյալ տարվա ընթացքում այդ թիվը կազմել է գրեթե մեկուկես միլիոն տոննա։ 2025 թվականին Ղազախստանը նախատեսում է պահպանել մատակարարումների նմանատիպ ծավալներ, բայց եթե տնտեսական իրավիճակը բարենպաստ լինի, երկիրը պատրաստ է դրանք ավելացնել։ Մենք մշտական կապի մեջ ենք SOCAR-ի գործընկերների հետ և քննարկում ենք հնարավոր տրանսպորտային միջանցքները, այդ թվում՝ Բաքու-Սուփսա», – նշել է Երլան Ակենժենովը։
Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ, փորձագետների կարծիքով, այդ երթուղին շարունակում է գրավիչ մնալ ինչպես նավթ արտադրողների, այնպես էլ առևտրականների համար՝ ապահովելով կայուն մուտք դեպի Սև ծովի նավահանգիստներ՝ եվրոպական շուկաներ հետագա մատակարարումների հնարավորությամբ։ Խողովակաշարի թողունակությունը տարեկան մինչև 5 միլիոն տոննա է։