Գերմանիայում նոր օրենսդրության համաձայն՝ 17-ից 45 տարեկան տղամարդիկ պարտավոր կլինեն երկրից երկար ժամանակով մեկնելու համար թույլտվություն ստանալ պաշտպանական գերատեսչությունից
Գերմանիայում նոր օրենսդրության համաձայն՝ 17-ից 45 տարեկան տղամարդիկ պարտավոր կլինեն երկրից երկար ժամանակով մեկնելու համար թույլտվություն ստանալ պաշտպանական գերատեսչությունից

Գերմանիայում 17-ից 45 տարեկան տղամարդիկ պարտավոր կլինեն երկրից երկար ժամանակով մեկնելու համար թույլտվություն ստանալ պաշտպանական գերատեսչությունից։ Այս մասին տեղեկատվությունը տարածում են գերմանական լրատվամիջոցները։

Ինչպես գրում է մամուլը, համապատասխան կարգավորումն ամրագրված է զինվորական ծառայության արդիականացման մասին նոր օրենքում։

Նոր կանոնների համաձայն՝ Գերմանիայի քաղաքացի հանդիսացող 17-ից 45 տարեկան տղամարդիկ պետք է տեղեկացնեն Բունդեսվերին երկրից երեք ամսից ավելի ժամկետով մեկնելու մասին և ստանան համապատասխան թույլտվություն։

Նախկինում գործող օրենքով նման թույլտվության ստացումը պարտադիր էր միայն բացառիկ դեպքերում, երբ երկրում արտակարգ դրություն էր կամ առկա էր արտաքին ուժերի կողմից հարձակման վտանգ։

Գերմանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դեռևս հայտնի չէ, թե ինչպես է իրականացվելու նոր օրենքի կիրարկումը, քանի որ Գերմանիայի քաղաքացիների մեծ մասը տեղյակ չէ այս փոփոխության մասին։ Նաև անորոշ է, թե ինչպիսի պատժամիջոցներ կկիրառվեն նոր կանոնակարգը խախտող անձանց նկատմամբ։