Գերմանիայում արգելվել է աջ ծայրահեղական «Գերմանիայի Թագավորություն» կազմակերպությունը, որը «Ռայխսբյուրգեր» շարժման ամենամեծ խմբավորումներից է

14:09, 13.05.2025

Գերմանիայում արգելվել է աջ ծայրահեղական «Գերմանիայի Թագավորություն» կազմակերպությունը, որը «Ռայխսբյուրգեր» շարժման ամենամեծ խմբավորումներից է։ Գերմանիայի Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ խմբավորման գործունեությունը հակասում է երկրի օրենսդրությանը և ուղղված է սահմանադրական կարգի դեմ։

Ոստիկանությունը խուզարկություններ է անցկացրել խմբավորման գրասենյակներում և անդամների տներում՝ Գերմանիայի յոթ տարածաշրջաններում։ Ձերբակալվել է չորս մարդ, այդ թվում՝ խմբավորման առաջնորդ Պետեր Ֆիցեկը, ով իրեն «Գերմանիայի թագավոր» է հռչակել։

Ինչպես նշել է ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը, «խմբավորման անդամները մեր երկրում ստեղծել են «հակապետություն» և ձևավորել են հանցավոր տնտեսական կառուցվածքներ»։

«Այս կերպ նրանք խաթարում են օրենքի գերակայությունը և դաշնային հանրապետության՝ ուժի կիրառման իրավունքի մենաշնորհը։ Միաժամանակ, նրանք օգտագործում են հակասեմական դավադրական նարատիվներ՝ իրենց իշխանության հավակնությունները հիմնավորելու համար», – հայտարարել է նախարարը։

Արգելքը տարածվում է նաև «Գերմանիայի Թագավորության» հետ կապ ունեցող այլ խմբերի վրա։

Ֆիցեկը «Գերմանիայի Թագավորություն» կազմակերպությունը հիմնել է 2012 թվականին։ Այն ունի մոտ 6 000 անդամ։ Խմբավորումը հրաժարվում է ճանաչել Գերմանիայի Դաշնային Հանրապետության լեգիտիմությունը։ Նրա անդամները հրաժարվում են վճարել հարկեր և տուգանքներ, ունեն իրենց անձնագրերը և վարորդական իրավունքները։

Նմանատիպ