«Չարլզ» փոթորկի պատճառով Պորտուգալիայում չեղարկվել է ավելի քան 200 չվերթ, դպրոցներում դասերը դադարեցվել են, իսկ հարյուրավոր սուպերմարկետներ և ձեռնարկություններ փակվել են
Պորտուգալիայում «Չարլզ» փոթորկի պատճառով չեղարկվել է ավելի քան 200 չվերթ, իսկ դպրոցներում դասերը դադարեցվել են։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Ըստ լրատվամիջոցների՝ հորդառատ անձրևների և փոթորկի պատճառով Պորտուգալիայի տարածքում հարյուրավոր սուպերմարկետներ և այլ ձեռնարկություններ ժամանակավորապես փակվել են։
Reuters-ը նշում է, որ 2026 թվականի հունվար և փետրվար ամիսներին տեղի ունեցած մի շարք փոթորիկներին ոչ պատշաճ արձագանքելու համար Պորտուգալիայի իշխանությունների հասցեին հնչած քննադատություններից հետո՝ այս անգամ նրանք ժամանակին կանխարգելիչ միջոցներ են ձեռնարկել։
Իշխանությունները բարձր պատրաստականության ռեժիմի են բերել բոլոր արտակարգ ծառայություններն ու զինվորական ստորաբաժանումները, դադարեցրել են դասերը, փակել ոչ կենսական նշանակություն ունեցող հանրային ծառայությունները և հորդորել բնակչությանը մնալ տանը։
Պորտուգալիայի օդերևութաբանական գործակալությունը (IPMA) հայտնել է, որ փոթորիկը հատկապես ուժգին է երկրի հարավային հատվածում։ Ըստ լրատվամիջոցների՝ «Չարլզ» փոթորիկն արդեն անցել է Մադեյրա կղզեխմբի վրայով՝ առաջացնելով ջրհեղեղներ և տապալելով ծառեր։ Արտակարգ ծառայությունները փրկել են մի տղամարդու, որը չէր կարողանում դուրս գալ ավտոտնակից։