Գերմանիայի պաշտպանության նախարարը կոչ է անում ՆԱՏՕ-ի եվրոպական անդամներին արագորեն գումար հայթայթել Ուկրաինայի համար ամերիկյան զենք գնելու համար
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի եվրոպացի անդամները պետք է հատկացնեն միջոցներ և արագորեն հավաքեն գումար ամերիկյան զենքի գնման համար՝ Ուկրաինային տրամադրելու նպատակով։
«Սա հիմնականում վերաբերում է հակաօդային պաշտպանության միջոցներին։ Բոլորը պետք է գումար ներդնեն, որպեսզի հնարավոր լինի արագ հավաքել այն գումարը, որը անհրաժեշտ է նախնական փուլում, հատկապես՝ օդային պաշտպանության համար», – հայտարարել է Պիստորիուսը։
Նրա խոսքով՝ դեռ պետք է պարզել, արդյոք ԱՄՆ-ի քաղաքականության փոփոխությունն Ուկրաինայի հանդեպ իրականում «դրական ուղղությամբ շարժում» է։
Պիստորիուսը կարևոր առաջընթաց և ուղերձ է համարում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սպառնալիքը՝ նշելով, որ դա կարևոր ազդանշան է Ուկրաինայի և ողջ Եվրոպայի համար։ Նա նշել է, որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է ամերիկյան զենքի մատակարարման ողջ շրջանակը։
«Այն փաստը, որ եվրոպացիներն են վճարելու, այլ ոչ թե ԱՄՆ-ը, վաղուց էր հայտնի։ Ուկրաինան հսկայական ճնշման տակ է, քանի որ Պուտինը միշտ էլ ուժեղացնում է օդային հարձակումների ինտենսիվությունը, երբ խոսք է գնում խաղաղության մասին։ Ուստի մենք բոլորին կոչ ենք անում, այս հարցում գործել վճռականորեն», – ընդգծել է Պիստորիուսը։
Նրա խոսքով՝ ֆինանսական բեռը պետք է կիսեն ՆԱՏՕ-ի բոլոր անդամները, որպեսզի հնարավոր լինի արագ մոբիլիզացնել խոշոր գումարներ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգերի համար։