Գերմանիայի կառավարությունը հայտարարում է, որ Եվրոպան կսկսի նոր պատժամիջոցների նախապատրաստումը, եթե Ռուսաստանը մինչև օրվա վերջ չկիրառի Ուկրաինայում հրադադարի ռեժիմը
Եվրոպան կսկսի նոր պատժամիջոցների նախապատրաստումը, եթե Ռուսաստանը մինչև օրվա վերջ չկիրառի Ուկրաինայում հրադադարի ռեժիմը, մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կառավարության խոսնակ Ստեֆան Կոռնելիուսը։
«Ժամացույցը տկտկում է։ Մինչև օրվա ավարտը դեռ 12 ժամ կա, և եթե մինչ այդ հրադադար չհաստատվի, եվրոպական կողմը կսկսի պատժամիջոցների նախապատրաստումը», – ասել է Գերմանիայի կառավարության խոսնակը։
Անցյալ շաբաթվա վերջին Կիևում կայացած հանդիպումից հետո Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի առաջնորդները հայտարարեցին, որ մայիսի 12-ից պետք է հայտարարվի «լիակատար և անվերապահ հրադադար՝ առնվազն 30 օրով»։
Իր հերթին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել է ռուս-ուկրաինական բանակցություններ անցկացնել Ստամբուլում։ Այս կապակցությամբ Ուկրաինայի նախագահը նշել է, որ մայիսի 12-ից Ռուսաստանից հրադադար է ակնկալում և մայիսի 15-ին անձամբ կսպասի Կրեմլի առաջնորդ Վլադիմիր Պուտինին Թուրքիայում։
Չնայած եվրոպացի առաջնորդների հայտարարություններին, ռուսական ուժերը գիշերը ավելի քան 100 անօդաչու թռչող սարքերով հարված են հասցրել Ուկրաինային և տասնյակ հարձակումներ իրականացրել առաջնագծում։