Գերմանիայի կանցլերը կոչ է արել արագացնել անօրինական միգրանտների արտաքսումը Սոլինգենի հարձակումից հետո
Սոլինգեն քաղաքում տեղի ունեցած հարձակումից հետո Գերմանիայի կանցլերը կոչ է արել արագացնել անօրինական միգրանտների արտաքսումը։ Այս մասին Օլաֆ Շոլցն ասել է Սոլինգեն կատարած այցի ժամանակ, որտեղ հարգանքի տուրք է մատուցել դանակի հարձակման զոհերի հիշատակին։ Գերմանիայի կառավարության ղեկավարն ասել է, որ նշված հարձակումը «բոլորի դեմ ուղղված ահաբեկչություն է»։
«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ապահովենք նրանց հայրենադարձությունն ու արտաքսումը, ովքեր չեն կարող կամ իրավունք չունեն մնալ Գերմանիայում»,- ասել է Գերմանիայի կառավարության ղեկավարը։
Օգոստոսի 23-ին Սոլինգեն քաղաքում տեղի ունեցած հարձակման արդյունքում, որում կասկածվում է 26-ամյա սիրիացի, երեք մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել։ Գերմանական լրատվամիջոցների տվյալներով՝ կասկածյալը պետք է արտաքսվեր Գերմանիայից 2023 թվականին։ Նա ձերբակալվել է սպանության և «Իսլամական պետության» անդամ լինելու մեղադրանքով։ Ինչպես հայտնում է Die Welt թերթը, Դուբլինի համաձայնագրի համաձայն՝ տղամարդը պետք է արտաքսվեր Բուլղարիա՝ երկիր, որտեղ նա առաջին անգամ հատել է ԵՄ սահմանը։ Հենց այնտեղ էլ պետք է քննարկվեր նրա ապաստան տրամադրելու խնդրանքը։ Սակայն սիրիացին թաքնվել է գերմանական իշխանություններից։
Գերմանիայի տարածաշրջանային ընտրություններից առաջ շատ կուսակցություններ, այդ թվում՝ Շոլցի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, խստացրել են միգրացիոն քաղաքականության վերաբերյալ իրենց հռետորաբանությունը։ Մասնավորապես, ներքին գործերի նախարար Նենսի Ֆեսերը հուլիսին հայտարարեց, որ Գերմանիան կվերսկսի սիրիացի և աֆղան հանցագործների արտաքսումը։ Նրա խոսքով՝ արտաքսումը կիրականացվի Սիրիային ու Աֆղանստանին սահմանակից երկրների միջոցով։
«Մենք բանակցություններ ենք վարում տարբեր պետությունների հետ, որպեսզի կրկին հնարավոր դարձնենք արտաքսումը Աֆղանստան և Սիրիա»,- ասել է ՆԳՆ ղեկավարը։