Գերմանիայի կանցլեր. Պատժամիջոցների նոր փաթեթն արդեն պատրաստ է, մենք այն կընդունենք մայիսի 20-ին Բրյուսելում
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հաստատել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը կընդունվի մայիսի 20-ին։ Այս մասին նա գրել է սոցիալական ցանցում։
Մերցի գնահատմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցը Ստամբուլ մեծագույն ժեստ էր։
«Պուտինը չներկայացավ, ինչով ինքն իրեն դրեց պարտվողի դիրքում։ Պատժամիջոցների նոր փաթեթն արդեն պատրաստ է, մենք այն կընդունենք երեքշաբթի Բրյուսելում», – գրել է կանցլերը։
Ինչպես ավելի վաղ գրել էր ուկրաինական մամուլը, պատժամիջոցների նոր՝ տասնյոթերորդ փաթեթը ուղղված է Ռուսաստանի «ստվերային նավատորմի» դեմ և սև ցուցակում ներառում է մոտ 200 նավթատար, որոնք օգտագործվում են ռուսական նավթի արտահանման սահմանափակումները շրջանցելու նպատակով։ Փաթեթը նաև նախատեսում է պատժամիջոցներ ռուս քաղաքացիների նկատմամբ՝ կիբերհարձակումների, մարդու իրավունքների խախտումների և Եվրոպայում սաբոտաժի համար։