Գերմանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ եվրոպական հետախուզական ծառայությունների տվյալներով՝ Ռուսաստանի տնտեսությունը փլուզման եզրին է
Գերմանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ եվրոպական հետախուզական ծառայությունների տվյալներով՝ Ռուսաստանի տնտեսությունը փլուզման եզրին է

Եվրոպական հետախուզական ծառայությունների տվյալներով՝ Ռուսաստանի տնտեսությունը փլուզման եզրին է. այս մասին տեղեկատվությունը տարածում են գերմանական լրատվամիջոցները՝ հղում անելով եվրոպական հետախուզական շրջանակներին։

Փորձագետների գնահատմամբ՝ «տնտեսական շոկը, օրինակ՝ բանկերի դեմ պատժամիջոցների լայնածավալ փաթեթը կամ նավթի գների տևական անկումը», կարող է դառնալ վերջին կաթիլը և ձգանի դեր խաղալ։

Հետախուզական ծառայությունների տվյալներով՝ ամենախոցելին Ռուսաստանի բանկային հատվածն է։ Բանկերի հաշվեկշիռները «արհեստականորեն ուռճացված են»։ Բարձր տոկոսադրույքների պայմաններում ներդրողներ ներգրավելու համար բանկերը նվազեցրել են թույլատրելի ռիսկերի շեմը։

Բացի այդ, զեկույցում նշվում է, որ Ռուսաստանում պետության կողմից տրամադրվող սուբսիդավորվող հիփոթեքային վարկերը հանգեցրել են անշարժ գույքի թանկացմանը, ինչը դեֆոլտի ալիքի վտանգ է ստեղծում։ Սրան գումարվում են այսպես կոչված «թաքնված պարտքերը»՝ արտոնյալ վարկերը, որոնք բանկերը տրամադրում էին Կրեմլի ճնշման տակ, և այդ վարկերը ստանում էին հսկայական ֆինանսական պահանջներ ունեցող ռազմական ձեռնարկությունները։

Զեկույցում նշվում է, որ Ռուսաստանը մինչ օրս պահպանում է «առերևույթ դինամիկ տնտեսություն», սակայն դա այլևս չի համապատասխանում իրականությանը։ Իսկ կառավարությունն ինքն էլ խոստովանել է, որ տնտեսությունն արդեն երկու տարի է, ինչ լճացման մեջ է։ Այս տարի տնտեսական աճի կանխատեսումը նվազեցվել է մինչև 0,4%։

Գերմանական լրատվամիջոցները նշում են, որ «եվրոպական հետախուզական ծառայությունների զեկույցը հանդես չի գալիս Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչով, սակայն այն քաղաքական գործիչներին փաստարկներ է տալիս, թե ինչու է հիմա նպաստավոր ժամանակ գործելու համար»։