Գերմանական Condor Airlines ավիաընկերությունը վերադառնում է վրացական ավիացիոն շուկա, Ֆրանկֆուրտ-Թբիլիսի-Ֆրանկֆուրտ երթուղով չվերթներ կիրականացվեն 2026 թվականի հունիսի 15-ից

13:04, 17.11.2025

Գերմանական Condor Airlines ավիաընկերությունը վերադառնում է Վրաստանի ավիացիոն շուկա, – այս մասին տեղեկացնում է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը։

Նախարարության հաղորդմամբ՝ ավիաընկերությունը 2026 թվականի հունիսի 15-ից սկսած կիրականացնի ուղիղ կանոնավոր չվերթներ Ֆրանկֆուրտ-Թբիլիսի-Ֆրանկֆուրտ ուղղությամբ՝ ամեն օր։

«Ավիաընկերությունը Վրաստանի ավիաշուկայում գործել է 2022-2023 թվականներին և շաբաթական երկու անգամ իրականացնում էր չվերթներ Ֆրանկֆուրտ-Թբիլիսի ուղղությամբ։ Երկու տարվա ընդմիջումից հետո Condor Airlines-ի վերադարձը Վրաստան հատկապես կարևոր է տրանսատլանտյան տարանցիկ թռիչքների տեսանկյունից։

Տուրիզմի և ավիացիոն ոլորտների զարգացումը էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության գործունեության հիմնական առաջնահերթություններից է, իսկ Գերմանիան այս առումով կարևոր թիրախային շուկա է։ Հետևաբար, Ֆրանկֆուրտը՝ որպես խոշոր ավիացիոն հանգույց, զգալիորեն կնպաստի ինչպես Վրաստանում տուրիստական հոսքերի, այնպես էլ ավիացիոն կապերի ընդլայնմանը։

Condor Airlines ավիաընկերությունը հիմնադրվել է 1955 թվականին, և դրա հիմնական բազան գտնվում է Ֆրանկֆուրտի օդանավակայանում։ Ընկերությունը ներկայումս թռիչքներ է իրականացնում 81 ուղղությամբ՝ Եվրոպայում, Աֆրիկայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, ինչպես նաև Կարիբյան և Միջերկրածովյան երկրներում։ Տոմսերի ձեռքբերումը հնարավոր է ավիաընկերության պաշտոնական կայքում», – նշված է էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության մեջ։

Նմանատիպ